ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքում բացվել է ՀՀ-ում երրորդ մարզային ակնաբուժական կենտրոնը
12:15 22.07.2017

Սյունիքում բացվել է ՀՀ-ում երրորդ մարզային ակնաբուժական կենտրոնը

«Հայկական ակնաբուժության նախագծի» և ՀՀ Առողջապահության նախարարության (ՀԱՆ) «Ակնային առողջապահական համակարգի վերականգում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում հուլիսի 21-ին Սյունիքի մարզկենտրոնում տեղի ունեցավ Կապանի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը: Բացման հանդիսությանը ներկա էին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ Առողջապահության նախարարության և Հանրապետության ակնաբժշկական կենտրոնների ներկայացուցիչներ:

Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման  անհրաժեշտ աշխատանքներն իրականություն դարձան հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ Առոջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  համատեղ ջանքերով: Կապանի մարզային ակնաբուժական նորաբաց կենտրոնը թվով երրորդն է ՀՀ-ում:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ նման քայլով աննախադեպ առաջընթաց է նկատվում մարզի առողջապահության ոլորտում: Նրա խոսքով՝ նախագիծն արժեցել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլար: Մարզպետը հայտնել է, որ առաջիկայում Կապանի ԲԿ-ը կվերազինվի նոր սարքավորումներով, որոնք կհեշտացնեն տեղի բնակչության հոգսը: Վահե Հակոբյանի փոխանցմամբ՝ տեղացի վերապատրաստված մասնագետների և արտասահմանյան գործընկերների ջանքերով մարզի բնակչության ակնաբուժական ցանկացած խնդիր այսուհետև կլինի լուծելի:

ՀԱՆ-ը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ականաբուժական ծառայություններ է իրականացնում  Սյունիքում:

ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանն ասել է, որ կենտրոնում գործող վիրահատարանը և ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ակնային առողջության պահպանման համալիր ծառայություն: Նրա փոխանցմամբ՝ վիրահատարանում առկա տեսակապի միջոցով բուժանձնակազմը կարող է կապ հաստատել գործընկերների հետ և խորհրդակցել վիրահատությունների ընթացքում: Ավելացնենք, որ առաջիկա երկու տարիներին նմանօրինակ երկու կենտրոն կհիմնվի ՀՀ մյուս մարզերում:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv

12:15 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները