ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնողների շարքում է
14:55 22.07.2017

Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնողների շարքում է

«Առավոտ» օրաթերթը գրում է.«Օրերս հրապարակվեցին Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Սինեմ Աքգյուլ Աչըքմեշեի ղեկավարությամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության ընկալումների վերաբերյալ այդ երկրի քաղաքացիների կարծիքն արտահայտող ուսումնասիրության արդյունքները: Կատարված աշխատանքը լավագույնս ուրվագծում է վերջին տարիներին արտաքին և ներքին քաղաքական հագեցած առօրյայով ապրող այդ երկրի քաղաքացիների վերաբերմունքը Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության բազմաբնույթ խնդիրների հանդեպ:

Արտաքին քաղաքական որոշ հարցերի վերաբերյալ այդ երկրի հասարակության տրամադրությունների փոփոխությունները ակներև է նաև աշխատանքում ներառված 2013, 2015 և 2016թթ. տվյալների շնորհիվ: Ուսումնասիրությունն իրականացնող խումբը հանդիպել է Թուրքիայի 26 նահանգում ապրող 18 տարին լրացած 1,000 քաղաքացու և փորձել պարզել նրանց դիրքորոշումը իրենց երկրի վարած արտաքին քաղաքականության տարբեր հարցերի շուրջ:

Հետաքրքիր է, որ մեր հարևան երկրում ապրողների ճնշող մեծամասնությունը իրենց երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուր է համարում հեռուստատեսությունը (այդպես է պատասխանել հարցվածների 86.5%-ը), համացանցային լրատվական աղբյուրների և տպագիր թերթերի միջոցով արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ ստացողների տոկոսային հարաբերակցությունը համապատասխանաբար 37.5% և 30.7% է:

Այս ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ այդ երկրի հասարակության կարծիքը ձևավորվում է թուրքական ԶԼՄ-ների միջոցով ու նրանց մեկնաբանմամբ: Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունն իրենց երկիրը համարում է իսլամական (39.9%):

Հետաքրքիր է, որ Էրդողանի նախագահության օրոք երկրի քաղաքական կյանքում իսլամի բաղադրիչի ավելացման և Եվրոպական միության հետ հարաբերություններում շարունակական լարվածությանը զուգահեռ, հարցվածների 32.7%-ը  Թուրքիան ասոցացնում է եվրոպական երկրի հետ, ընդ որում՝ այս ցուցանիշը շարունակական աճ է գրանցել (2013թ.` 24.3%, 2015թ.՝ 26.4%, 2016թ.՝ 31.8%):

Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահ Էրդողանի ջանքերը, 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը և 2017-ի սահմանադրական փոփոխությունները ձևավորել են հասարակության պատկերացումները, թե որ կառույցն է իրականացնում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:

Այսպես՝ 2016թ. հարցվածների 76.4%-ի կարծիքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրականացնողը երկրի նախագահն է, այդ ցուցանիշը նվազել է 2017թ.՝ կազմելով 69.2%: Քաղաքացիների 24.3%-ի կարծիքով Թուրքիայի արտաքին քաղաքականություն իրականացնողը այդ երկրի ԶՈւ-ն է, ևս 13.4%-ի կարծիքով՝ Ազգային հետախուզական ծառայությունը»: 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա հոդվածում:

Լուսանկարը՝ CNN.com-ի 

14:55 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները