ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն ամփոփել է անցնող շաբաթն ու առաջին կիսամյակը
15:15 22.07.2017

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն ամփոփել է անցնող շաբաթն ու առաջին կիսամյակը

Հուլիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. առաջին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9,000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121,000 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1,373 արկ), տարբեր տիպի նռնականետեր (250 արկ):

2017թ. առաջին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն՝ հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ ստիպված նահանջեց ելման դիրքեր:

ՊԲ առաջապահ զորամասերը 2017թ. առաջին վեց ամիսներին շարունակել են առաջնագծում լինել թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

15:15 22.07.2017