ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում
17:15 22.07.2017

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր՝ հուլիսի 22-ին, տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս:

2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12,130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն ՀՀ դրամ:

Մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը: Մարզպետի խոսքով՝ վերջին տարիներին տեղական ու միջազգային կազմակերպությունների և անհատ ներդրողների կողմից իրականացվում են ջերմոցային, չրանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 400 աշխատատեղով: 

Վարչապետի հանձնարարականով Կառավարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ արժեքով, որից հավանության է արժանացել 12-ը: Ընթացքի մեջ են «Բերք» ՍՊԸ-ի կողմից բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման աշխատանքները, իսկ մնացած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: 

Մարզպետը զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921,3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին:

Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին կազմակերպվել է համամարզային շաբաթօրյակ. նմանատիպ շաբաթօրյակ նախատեսվում է անցկացնել նաև հուլիսի 29-ին: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ և առաջ ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա.«Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինն եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»: 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ: 

Վարչապետին զեկուցվել է Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին: 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարզի տարածքում վերջին տարիներին հիմնվել են 22,3 հա ինտենսիվ պտղատու այգիներ: Տնկարանային տնտեսություն ստեղծելու դեպքում այդ այգիները կարելի է ավելացնել տարեկան 50 հա-ով:

Վարչապետը նշել է, որ վերլուծությունների և հաշվարկների համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ այգիների հիմնումը հեռանկարային է, և ՀՆԱ-ի մեջ մեծ աճ է ապահովելու:

Խոսելով կրթական համակարգի բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է որակյալ կրթության ապահովումը: «Օպտիմալացումը ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն, չի արվելու: Մենք ուղղակի ասում ենք` անտրամաբանական փող չծախսենք: Անկասկած սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու: Չափազանց կարևոր է, որպեսզի 10-15 տարի հետո նման խորհրդակցությունների որակը, բովանդակությունը փոխված լինի: Մենք այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ավելի խելացի, ռացիոնալ, հայրենասեր և գործունյա լինի: Չափազանց կարևոր է` ինչ պետք է անենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք»,- ընդգծել է Վարչապետը:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը ներկայացրել է կրթական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ մարզի 5 դպրոց տեսադասեր է անցկացրել հանրապետության այլ դպրոցների հետ, արդյունքները դրական են, և նախատեսվում է այդ փորձը կիրառել նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում: Հիմնական խնդիրը կապված է ինտերնետ կապի հասանելիության հետ, որի լուծման ուղղությամբ էլ աշխատանք է տարվում:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ արագ քննարկել հարցը և օպտիմալ լուծումներ գտնել: 

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև Տավուշի մարզում փոքր ու միջին ձեռներեցության խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, քննարկվել են այդ ծրագրերում պետական աջակցության նպատակահարմարությունը և հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև մարզի խոշոր քաղաքային համայնքների զարգացման տեսլականին և առկա ներուժի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերին, որոնք, Կառավարության ղեկավարի գնահատմամբ, բավարար չեն:

Կարեն Կարապետյանն առաջարկել է Կառավարություն ներկայացնել կոնկրետ հաշվարկներով և ֆինանսական գնահատականով բիզնես ծրագրեր: Անդրադառնալով մարզում բիզնես միջավայրն աշխուժացնելու հարցին՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում վեր հանել առկա խնդիրները, առանձնացնել զարգացման հեռանկարային ուղղությունները և մշակել քաղաքականություն, որի իրականացումը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության ապրելակերպի բարելավմանը:

ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջ

17:15 22.07.2017