ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանի Զինուժը նոր կորուստներ ունի
19:55 22.07.2017

Ադրբեջանի Զինուժը նոր կորուստներ ունի

«Ռազմ.Info» մասնագիտացված լրատվակայքում կարդում ենք.«Հուլիսի 22-ին Ադրբեջանի շրջանի Հաջըգաբուլ շրջանի Գըզըլբուրուն գյուղում հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովին (Nahid Soltanov): Զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը։

Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը MeydanTV-ին հայտնել է նրա եղբայրը՝ Էլչին Սոլթանովը։ Մինչև այդ՝ հուլիսի 21-ին, զինծառայողի մահվան մասին հայտնել էին սոցցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր։

Հիշեցնենք, որ Նահիդ Սոլթանովը, ինչպես նաև նրա համածառայակիցը, ում անունը չի նշվում, ծանր վիրավորվել էին հուլիսի 14-ին։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ընտանիքի անդամներին ևս չի հայտնել, թե ինչ հանգամանքներում են նրանք վիրավորվել։

Զինծառայողներին տեղափոխել էին կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նրանք կոմայի մեջ պառկած էին։ Առայժմ երկրորդ զինծառայողի մասին հավելյալ տվյալներ չկան։

«Ռազմ.info»-ի մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրուօղլուն (Əzizli Dayandur Nuruoğlu):

Դեպքի մասին հուլիսի 21-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Տեղեկությունները հաստատվել են նաև սոցցանցերում զինծառայողին ճանաչող մարդկանց գրառումներով։

Ըստ սպանվածի հոր՝ Դայանդուրի դին զինվորականները նրա ընտանիքին են հանձնել հուլիսի 20-ին, իսկ ընտանիքի անդամներին չեն ասել մահվան հանգամանքները։ Չեն ցանկացել նաև, որ զինծառայողի դագաղը բացվի, սակայն հարազատները այն բացել են և տեսել կտրտած և վնասված տեղեր։ Հայրը չի կարողացել նաև հասկանալ՝ դրանք հրազենային վնասվածքի, թե դանակահարության տեղեր էին։

Հայրը հայտնել է նաև, որ որդին «իր հայրենիքի և հողի համար» չի զոհվել, իսկ վրան նույնիսկ «Ալլահի դրոշը» չի եղել։ Ադրբեջանում դրոշով սովորաբար թաղում են մարտական կորուստներին։

Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել։

Դայանդուր Ազիզլին Ադրբեջանի Շաքի քաղաքի բնակիչ էր։ Բանակ էր զորակոչվել 2016թ․, սկզբում ծառայել է Բաքվում, ապա 2017թ․ մայիսի 26-ից՝ Տերտերի շրջանում տեղակայված զորամասերից  մեկում։

Ավելացնենք, որ 2017թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 36 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, լինեն Ադրբեջանի Ներքին զորքերից. նրանք, սակայն, չեն ընդգրկվել հաշվարկում։

Լուսանկարը՝ Aysor.am-ի

19:55 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները