ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անցկացվել է «Հյուրասիրում են սյունեցիները» ազնվամորու փառատոնը
13:35 24.07.2017

Անցկացվել է «Հյուրասիրում են սյունեցիները» ազնվամորու փառատոնը

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը հուլիսի 22-ին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքում կազմակերպել էր «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն»: Միջոցառման նպատակն է աջակցել ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:

Փառատոնին մասնակցող տեղական և այլ շրջանների արտադրողները  տաղավարներով ներկայացրել էին իրենց արտադրանքը: Փառատոնին մասնակցեց 3,000-ից ավելի այցելու, ովքեր ժամանել էին Հայաստանի տարբեր մարզերից և աշխարհի զանազան անկյուններից:

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Սյունիքի մարզային տնտեսական ծրագրերի համակարգող Իռեն Բալայանը նշում է, որ փառատոնի շնորհիվ անհատ գնորդները և կազմակերպությունները հնարավորություն ունեցան տեղում ազնվամորի արտադրողից գնելու ազնվամորի, ինչպես նաև փոխանակվել տվյալներով հետագայում գնումներ անելու համար՝ սատարելով տեղական արտադրողին և նպաստելով համայնքների տնտեսական զարգացմանը:

Զբոսաշրջիկները և տեղացի հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու սյունյաց բարիքները: Փառատոնը ուղեկցվեց ազգային երգ ու պարով, մրցույթներով, հայկական ավանդական գաթայի և իհարկե սյունյաց քաղցրահամ ազնվամորու հյուրասիրությամբ:

Ռուժա Լուդվիկովսկան Լեհաստանից առաջին անգամ էր ժամանել Հայաստան: «Ազնվամորու փառոտոն»-ի ընթացքում նա իր ընկերների հետ միասին առաջին անգամ համտեսեց սյունյաց ազնվամորի և ազնվամորուց պատրաստված տարատեսակ քաղցրավենիք: «Այս ազնվամորին համտեսելիս քեզ թվում է՝ հայկական արևի համն ես առնում»,- կիսվեց իր տպավորություններով Ռուժան:

Ավելացնենք, որ «Ազնվամորի տաղավար» անվանակարգում  հաղթեց Աշոտավան համայնքի ֆերմերների խումբը:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv

13:35 24.07.2017

Ամենաշատ ընթերցվածները