ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Սյունիքում բացվեց խճի արտադրատեղամաս
20:35 25.07.2017

Սյունիքում բացվեց խճի արտադրատեղամաս

Այսօր` հուլիսի 25-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաց հանքավայրի հարավարևելյան հատվածում տեղի ունեցավ խճի արտադրման տեղամասի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Քրոնիմենթ  մայնինգ» ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հայլը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը և այլք:

Արտադրամասի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջայց կատարեցին նոր արտադրամասում, ծանոթացան  նրա  կարողություններին, ականատես եղան  խճաքարի ջարդման գործընթացին:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ արտադրամասի ստեղծման համար հիմնականում ներդրվել են կոմբինատի ունեցած սարքավորումները: Ըստ նրա՝ նոր արտադրամասի ստեղծումը նշանակալից է նաև նրանով, որ այն կնպաստի կոմբինատի ֆինանսական միջոցների  տնտեսմանը:              

«ԶՊՄԿ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի փոխանցմամբ՝ խճի արտադրման տեղամասի բացումը կոմբինատի երկարաժամկետ զարգաման ծրագրերի բաղկացուցիչ մասն է կազմում: Նրա խոսքով՝ արտադրամասի բացումը կնպաստի կոմբինատի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, բնապահպանական որոշ խնդիրների լուծմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Խճի արտադրման տեղամասի  պետ Արթուր Դավթյանը հայտնում է, որ արտադրամասի աշխատանքները կհեշտացնեն կոմբինատի գործունեությանը: Մասնավորապես կբարեկարգվեն դեպի հանք տանող ճանապարհները, կդյուրինացվեն պայթեցման աշխատանքները: Ա. Դավթյանի խոսքով արտադրամասում արտադրվելու է հինգ տեսակի խճաքար՝  0-ից 105 մմ տրամաչափի:

Ավելացնենք, որ վերջին մեկ տարվա ընթացում ԶՊՄԿ-ի աշխատողների թվաքանակը ավելացել է 200-ով. այժմ ընկերությունն ունի 3,600 աշխատակից:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv

20:35 25.07.2017

Ամենաշատ ընթերցվածները