ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
20:10 13.09.2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն՝ Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին և գործակցությանը։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:

Իր հերթին նորանշանակ դեսպանը հաստատեց, որ Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ջանքեր գործադրել Արցախին հումանիտար օգնություն և անվտանգային երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

20:10 13.09.2023