Քաղաքական
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի նախկին վարչապետին
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին։
Հանդիպմանը ներկա էին նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով մեծանուն քաղաքական գործչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց վերջինիս ԵՊՀ-ի կողմից պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առիթով։
Հանդիպմանը Հայոց Հովվապետը նշեց, որ հայ-իտալական բարեկամությունն ունի դարերի պատմություն և ընդգծեց, որ եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիները, որոնց ջերմ գործակցությունը շարունակվում է և այսօր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ շարունակ ոտնձգություններին, ինչպես և շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետին։ Հայոց Հայրապետը, գնահատելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության ներդրած ջանքերը, կարևոր նկատեց առավել ազդու միջոցների գործադրումը՝ կանխելու արցախահայության նկատմամբ բռնաճնշումների և Արցախը հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը։
Իր խոսքում Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին անդրադարձավ տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին և աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ ի մասնավորի կարևոր նկատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային կառույցների առավել ներգրավվածությունը։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ