ԱՎԵԼԻՆ

Ռազմական

«Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել 102-րդ ռուսական ռազմաբազայից». «Իզվեստիա»
16:24 27.10.2023

«Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել 102-րդ ռուսական ռազմաբազայից». «Իզվեստիա»

Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությանը։

«Իզվեստիան» պարզել է, որ մինչև 2044թ․ Հայաստանը չի կարող միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանից։ Ուսումնասիրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին 1995թ․ պայմանագիրը:

Փաստաթղթի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարի սույն պայմանագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին, ռուսական ռազմակայանի լուծարման հետ կապված հարցերը կլուծվեն խառը հանձնաժողովի կողմից։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում»։

Այս տեղեկությունը «Իզվեստիա»–ի հետ զրույցում հաստատել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը․

«Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն ավտոմատ երկարաձգվում է հինգ տարով, եթե կողմերից մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին։ Սույն պայմանագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ», – «Իզվեստիա»-ին հայտնել Է Շվիտկինը։

Նշենք, որ 2010թ․ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի ստորագրած՝ ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրի թիվ 5 արձանագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում նրա գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044թ․:

Աղբյուրը՝ 168.am

16:24 27.10.2023