Հասարակական
Պատերազմից փրկվեց՝ 2 օր անց կրակի փայ դարձավ
20-ամյա Մարատի մասին քույրը՝ Ռիման, մեկ ժպիտով է խոսում, մեկ էլ թաց աչքերով։ "Աշխարհում չեմ ճանաչում որևէ մեկին, ով Մարատի սիրտը կունենար, անչափ բարի ու հոգատար եղբայր էր",- ասում է նա։
Սարգսյանների ընտանիքը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է տեղահանվել։ Ռիման MediaHub-ին պատմում է ընտանիքի գլխով անցածը։
Սեպտեմբերի 25-ին Մարատը վառելիքի պահեստի տարածքում էր, պայթյունից հետո ողջ էր մնացել, բայց երբ տեղափոխվել է Հայաստան՝ մահն արձանագրվել է հիվանդանոցում։
«Մարատը դեպքից 2 օր առաջ էր տուն վերադարձել, զինծառայող էր, սեպտեմբերյան մարտերի մասնակից։ Հրադադարից հետո հայրս և 3 եղբայրներս ևս պետք է տեղափոխվեին Հայաստան։ Վառելիք չկար։ Իմանալով, որ Հայկազովի տարածքում բենզին են տալիս, Մարատը ևս գնացել էր այդտեղ։ Դիրքերից իջել էր սեպտեմբերի 23-ին, իսկ ամսի 25-ին տեղի ունեցավ այդ անիծյալ պայթյունը։ Մորաքրոջս տղայից առ այսօր նորություն չկա։ Այնքա՜ն ջահելներ կորցրեցինք»,- ափսոսում է Ռիման։
Դեռ մի ցավը չմարսած, 2-րդ հարվածը ստացավ ընտանիքը։ Ընդամենը 4 ամիս առաջ չարորակ ուռուցքի պատճառով մահացել է մայրը, գերեզմանն էլ մնացել է հայրենի գյուղում։ Ընտանիքի ամբողջ հոգսը 2-րդ կարգի հաշմանդամ հոր՝ Սենորիկի վրա է։ Նա 13 տարեկան էր, երբ իր մայրը զոհվեց ադրբեջանական գրադի հարվածից, հիմա նույն տարիքի տղա ունի։ Կնոջ մահից հետո, ասում է, պատմությունը կարծես կրկնվում է ընտանիքում։
Սենորիկ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ից 20-ին տեղի ունեցած ռամական գործողությունների ժամանակ որդին ամենաթեժ կետերում է կռվել, հրաշքով է փրկվել, բայց. «Կրակի փայ դարձավ տղաս, սա ի՞նչ անեծք է»։
Մարատի կյանքը փրկելու համար 10 օր պայքարել են բժիշկները։ Վերջին անգամ քրոջից «Բաունթի» շոկոլադ է խնդրել։ Հետո կտրուկ վատացել է, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում մեծ եղբայրը՝ Նաիրին, մեկ րոպե անգամ կողքից չի բացակայել, բժիշկների հետ հավասար պայքարի մեջ է եղել, եղբորն ուժ է տվել։ Բայց, հոկտեմբերի 6-ին, փոքր եղբոր՝ Մարտինի ծննդյան օրը, չի դիմացել, մահացել է։
«Մամայի մահից հետո ես ու 3 եղբայրներս որոշել էինք մեկս մյուսին ու հատկապես պապային թև ու թիկունք լինել, բայց Մարատը ևս լքեց մեզ... երևի գնաց մամայի մոտ, երևի շատ էր կարոտել»։
Այսօրվա պես հիշում են Մարատի բառերը. Ստեփանակերտից ուղղաթիռով ճանապարհվելիս հորն ասել է․ «Ես գնում եմ, դուք իմ հետևից եկեք։ Այնտեղ բոլորս միասին կլինենք, իրար բաց չենք թողնի»։
Ընտանիքն այսօր փարատվում է Ռիմայի երեխաներով, որից փոքրին՝ նորածին Անուշիկին ո՛չ մայրը հասցրեց տեսնել, ո՛չ եղբայրը։
Հունան Թադևոսյան
Աղբյուրը՝ MediaHub.am