ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պայքարը չի ավարտվել, իշխանափոխությունն անխուսափելի է
17:39 08.11.2023

Պայքարը չի ավարտվել, իշխանափոխությունն անխուսափելի է

Երեք տարի առաջ այս օրերին հայկական բանակը թեժ մարտեր էր վարում մարդասիրական ոչ մի սահման ու արժեք չճանաչող թուրք-ադրբեջանական զինված ուժերի դեմ։ 

Թշնամական կողմը ջանում էր նոյեմբերի 9-ին՝ իրենց համար խորհրդանշական, Ադրբեջանի դրոշի օրը դադարեցնել կրակը, քանի որ, ըստ արցախցի ազատամարտիկ Սեյրան Ասրյանի, նախապես մշակված սցենարի համաձայն՝ Շուշին պիտի հանձնվեր։

«Շուշի մտնելը նրանց առաջին խնդիրն էր, դա հասկանալու համար պետք չէ վերլուծաբան լինես, պարզից էլ պարզ էր, որ Շուշին հանձնել են։ Բերդաքաղաքի անկումով որոշվեց Արցախի հետագա ճակատագիրը։ Այն, ինչ կատարվեց վերջին օրերին, անձամբ ես զգում էի, որովհետև նորից ասեմ՝ դրա համար շատ գիտելիք պետք չէ, մի օր պիտի փակեին ճանապարհը»,- MediaHub-ի հետ զրույցում նշում է ազատամարտիկը։ 

Այս օրերին թշնամի երկրի նախագահը Ստեփանակերտում է։ Վերածննդի հրապարակում այսօր զորահանդեսով հաղթանակի օր են նշելու, վաղը՝ այլ տոնակատարություններ։ Ազատամարտիկը, որը մասնակցել է բոլոր պատերազմներին, վրդովմունք է հայտնում, իր խոսքով՝ «հայկական 0 դիվանագիտությանը»։

«Արցախը հանձնվեց սխալ ղեկավարման, անտարբերության, դավաճանության արդյունքում, հետևաբար Ալիևը էդքան «դուխ» չունի հպարտ քայլելու հայկական Արցախում։ Ինձ համար միևնույն չէ, որ հիմա այս իրավիճակում ենք, բայց վստահեցնում եմ ձեզ, այսպես չի մնա, պայքարը չի ավարտվել։ Իշխանափոխությունն անխուսափելի է»,- եզրափակեց Ասրյանը։

Հունան Թադևոսյան

Աղբյուրը՝ MediaHub  

17:39 08.11.2023

Ամենաշատ ընթերցվածները