Քաղաքական

«Բարի ճանապարհ»․ իշխանականները Սիրիա են մեկնում առանց ընդդիմության
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, մի քանի օրից Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Շիրակ Թորոսյանը Դամասկոս են մեկնելու:
Բարեկամական խմբի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար սա առնվազն տարօրինակ որոշում է, երբ բարեկամական խմբի անդամները գործուղման են մեկնում առանց ղեկավարի։ MediaHub-ի հետ զրույցում Մանուկյանը կարճ մեկնաբանություն տվեց՝ բարի ճանապարհ։
«Սա կրկին խոսում է իշխանության նեղմտության, քաղաքական և ազգային անգրագիտության ու բոբիկության մասին։ Իրենց կարծիքով՝ ԱԺ-ն և ՀՀ-ն իրենց КВН-ներն ու մանկապարտեզներն են։ Պաշտոնապես տեղյակ չենք եղել։ Ամիսներ առաջ Սիրիայի խորհրդարանի նախագահը Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատվիրակությանը հրավիրել է Սիրիա, և Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի սիրիական կողմի ղեկավարը մեզ փոխանցել է այդ մասին։ Նույնիսկ Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանը գրավոր ԱԳՆ է դիմել այդ հարցով։ Արհեստականորեն գործուղումը ձգձգվում էր, և այդ փոխադարձ այցը չկայացավ։ ԱԺ նախագահի հետ քննարկումներ ենք ունեցել այս հարցով, հետո արդեն ականջիս ծայրին հասնում է, որ Դամասկոս նման պատվիրակություն է մեկնում»,- ասաց նա։
Մանուկյանի համար ամենազարմանալին այն է, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն է ղեկավարելու պատվիրակությունը։
«Ո՞ւմ հրավերով է նա մեկնում, եթե հրավերը ուղղված է եղել բարեկամական խմբի ղեկավարին: Իհարկե, մեր ուշքն ու միտքը ճամփորդելը չէ։ Դաշնակցականները Սիրիա էին մեկնում, մեր սիրիահայ հայրենակիցների կողքին էին լինում, երբ դեռ Հալեպում դժնդակ պատերազմական օրերն էին։ Ուղղակի այստեղ պետական մտածելակերպի բացակայությունն է»,- ամփոփեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավարն է Իշխան Սաղաթելյանը:
Աղբյուրը՝ MediaHub