ԱՎԵԼԻՆ

Արցախ

«Տատիկ-պապիկ»-ը լոկ հուշարձան չէ, դա Արցախի ինքնությունն է
14:07 09.11.2023

«Տատիկ-պապիկ»-ը լոկ հուշարձան չէ, դա Արցախի ինքնությունն է

 

Ադրբեջանական տելեգրամ ալիքներում երեկ լուսանկարներ տարածվեցին՝ Արցախի մայր խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի փոխարեն, նույն պատվանդանին տեղադրված ադրբեջանական հայտնի բռունցքի հուշարձանի վերաբերյալ նախագիծը։

Հայ հասարակության մոտ սոցիալական ցանցերում այն մտահոգության տեղիք է տվել։

MediaHub-ը մեկնաբանություն խնդրեց պատմաբան, քաղաքական գործիչ Լեռնիկ Հովհաննիսյանից։ Նա ափսոսանքով նշեց, որ Արցախը, լինելով չճանաչված պետություն, այնտեղ գտնվող և ոչ մի հուշարձան կամ պատմամշակութային արժեք այդպես էլ չընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո։  

«Դա է թերևս պատճառը, որ Արցախի պատմամշակութային հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները Ադրբեջանն աշխարհին ներկայացնում է իբրև ալբանական և կամ աղվանական ծագման։ Միջազգային հանրության լռությամբ պայմանավորված, հայտնի «Տատիկ-պապիկը» ևս կարող է արժանանալ այդ ճակատագրին»,- ասաց նա։

Հովհաննիսյանը մեջբերում է հայտնի օրինակները. 2020 թվականին Ադրբեջանին անցած տարածքների եկեղեցիները ենթարկվել են վանդալիզմի, պղծվել են խաչաքանդակները և արձանագրությունները։ 

««Տատիկ-պապիկ»-ը լոկ հուշարձան չէ, դա Արցախի ինքնությունն է։ 56 տարի առաջ է տեղադրվել։ Քանդակագործը տումեցի Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ քարինտակցի Յուրի Հակոբյանը։ Հուշարձանի տեղադրումը  մեծ դժվարությամբ է համաձայնեցվել Խորհրդային ղեկավարության հետ, քանի որ վերջիններս ազգայնական քայլ էին համարում։ Հիմա էլ ադրբեջանցիներն այն ընդունում են ոչ թե որպես հուշարձան կամ կոթող, այլ դրա մեջ դարձյալ ազգայնականություն են փնտրում և Արցախի ներկայությունը տեսնում»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հունան Թադևոսյան

Աղբյուրը՝ MediaHub․am

14:07 09.11.2023

Ամենաշատ ընթերցվածները