Քաղաքական
Պետության պարտքը 60 միլիոն եվրոյով ավելացրեցին
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին պարբերաբար քննադատում էր պետության պարտքն ավելացնելու համար։
Ավելին, Փաշինյանը հայտարարում էր, որ դեռ պետք է աուդիտ անել և պարզել, թե այդ պետական պարտքն ինչպե՞ս են ծախսել նախկինները։
Նախկիններին պարտք կուտակելու համար քննադատած Փաշինյանը, սակայն, Հայաստանի Հանրապետության պարտքն ավելացնում է ավելի արագ տեմպերով, քան իրենից առաջ ղեկավարած նախագահները՝ իրենց պաշտոնավարման 10 տարիների ընթացքում։
6,7 միլիարդ դոլար պետական պարտքով Հայաստանի իշխանությունը ստանձնած Փաշինյանն իր պաշտոնավարման 5.5 տարում Հայաստանի պետական պարտքը հասցրել է 11 միլիարդ դոլարի՝ այս կամ այն ծրագրի համար վերցված վարկային համաձայնագրերով, և ոչ միայն։
Հերթական վարկային ծրագիրը Կառավարությունը հաստատել է այսօր։
Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 60,090,000 եվրո արժողությամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և կնվազեցնի քաղաքային խցանումները:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը (մոտ 1.8 կմ-ով), քաղաքային խցանումները, ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ (Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ):
Թե ինչո՞ւ է պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելով հպարտացող և բյուջեում նախատեսվածից շատ փող ունենալու մասին հայտարարած իշխանությունը ճանապարհ կառուցում ոչ թե սեփական գումարներով, այլ վարկով, կառավարության ընդունած որոշման նախագծում պարզաբանված չէ:
Նշենք, որ այս վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
Վարկի տոկոսը լողացող է. ենթակա է փոփոխության։
Աղբյուրը՝ 168․am