ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Փաշինյանը Ղարաբաղի հարցի փակմամբ ձգտում է ազատվել Ռուսաստանից, իսկ Ալիևը՝ Արևմուտքից». Ինչո՞ւ է բանակցային գործընթացը փակուղում
18:05 09.11.2023

«Փաշինյանը Ղարաբաղի հարցի փակմամբ ձգտում է ազատվել Ռուսաստանից, իսկ Ալիևը՝ Արևմուտքից». Ինչո՞ւ է բանակցային գործընթացը փակուղում

Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցային գործընթացը շարունակում է գտնվել դիվանագիտական փակուղում։ Բոլոր նախկին ու ներկա միջնորդները, կողմերը հանդես են գալիս հայտարարություններով, արտահայտվում, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին, սակայն բանակցությունների բուն փաստ և պայմանավորվածություն կողմերի միջև չի արձանագրվում։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ԱՄՆ-ի համար շարունակում է մնալ առաջնահերթություն։ Ընդգծելով, որ սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե Երևանն ու Բաքուն իրենց պաշտոնյաներին կուղարկեն Վաշինգտոն՝ հերթական հանդիպման՝ լրագրողը փոխխոսնակից մասնավորապես հետաքրքրվել է, թե Վաշինգտոնը դեռևս տարբերա՞կ է բանակցությունների հաջորդ փուլի համար։ Պատելը պատասխանել է․  «Իհարկե։ Այս ամենից դուրս, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում, որը հաճախ այս սենյակից շատ թթվածին է խլում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար, և դա մի բան է, որով գերատեսչությունը կշարունակի զբաղվել»։

Իր հերթին Մոսկվան՝ ի դեմս Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, հայտարարել է, թե հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն, եթե դրան չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները։ «Պրակտիկան է դա ցույց տալիս: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:

Մինչդեռ Ռուսաստանը, ըստ Պատրուշևի, հետևողական քայլեր է ձեռնարկում, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, տեղի ունենա սահմանազատում, բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները:

Չնայած հնարավոր միջնորդների հայտարարություններին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից հրապարակային 8 գյուղ է պահանջում, ինչպես նաև հայտարարում, որ Հայաստանին առաջարկների փաթեթ է ներկայացրել։ Պահանջը ներկայացված է գերատեսչության հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի համաձայն՝ Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի բանակցություններին խոչընդոտելու ուղին՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքները և ականապատումը, նախկինի պես ստեղծում է սպառնալիք խաղաղության գործընթացի համար, խանգարում է տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։ «Հայկական կողմը, ի հեճուկս ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել հայկական զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների անօրինական առաքումն Ադրբեջանի տարածք։ Հայաստանը նաև Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»,- ասված է հայտարարությունում։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Փաշինյանը թվարկել է համաձայնեցված 3 սկզբունքները։ Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86.600 քառակուսի կիլոմետր է։

«Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել է ՀԽՍՀ և ԱԽՍՀ տարածքի մասին արձանագրումը։ Այնտեղ գրված է՝ Հայաստան Հանրապետություն՝ 29.800, ադրբեջանական հանրապետություն՝ 86.600»,- նշել էր նա։ Հաջորդ սկզբունքը, ըստ Փաշինյանի, դելիմիտացիայի իրականացումն է՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այս դեպքում էլ հիմք են ընդունում Խորհրդային Միության սահմանները, իսկ երրորդ սկզբունքը՝ բացվում են տարաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը առանձնահատուկ նշում է, որ խոսքն Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի մասին է, և չի խոսում որևէ միջնորդի մասին։ Ըստ նրա, դիվանագիտական ուշագրավ խաղ է ծավալվում, դատելով այս բոլոր հայտարարություններից։

Վերլուծաբան Տարասովի համոզմամբ, Ալիևը ձգտում է Փաշինյանին և գործընթացը դուրս բերել Արևմուտքի ազդեցությունից՝ նպատակ ունենալով Փաշինյանի հետ իր պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել։ «Ադրբեջանն իր համար լուծեց Ղարաբաղի հարցը։ Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ եթե ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, Ղարաբաղի հարցի փակմամբ ձգտում են «ազատագրվել» Ռուսաստանից, որպես դաշնակից, ազատվելով ռուսական ազդեցությունից, ապա Ալիևն անում է հակառակը՝ ազատվում է Արևմուտքի ազդեցությունից Ղարաբաղի հարցի միջոցով։ Եվ դատելով այս բարդ կոմբինացիաներից, իրականում ոչ մի կողմ չի ձգտում արագ ստորագրել խաղաղության համաձայնագիր. Փաշինյանը փորձում է մանևրել, Արևմուտքի վերաներգրավման հարցը լուծել, իսկ Բաքուն չի շտապում, քանի որ խնդիրների մեծ մասը լուծել է և, պայմանավորվելով ռեգիոնում, կարող է առանց լուրջ ճնշումների շարունակել գործընթացը»,- շեշտեց Տարասովը՝ կանխատեսելով առաջիկայում բարդ դիվանագիտական «ճանապարհ»։

Ըստ նրա, ամեն դեպքում ադրբեջանական կողմը ցանկանում է կա՛մ բանակցել ուղիղ, կա՛մ ռեգիոնալ միջնորդներով՝ Մոսկվա, Թբիլիսի, իսկ Փաշինյանը՝ Բրյուսելով, թեև Բրյուսելը որպես միջնորդ՝ իրեն չարդարացրեց։

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայումս կողմերի միջև դասական բանակցային գործընթաց չկա, կան արտաքին կողմեր, որոնք փորձում են կառավարել հակամարտության կարգավորման գործընթացը, որի նպատակը կարգավորումը և դրա վերջնարդյունքն Արևմուտքում կամ Ռուսաստանում ֆիքսելն է։
Ըստ նրա, կողմերի միջև շատ հարցեր չեզոքացված են ներկայումս, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով բանակցային գործընթաց չկա։

«Փաստացի այս պահին չկա հստակ կարգավորման գործընթաց։ Ադրբեջանը փոխանցել է առաջարկներ, բայց հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են գնում կողմերը։ Սակայն պարզ է, թե ինչ են անում Ռուսաստանն ու Արևմուտքը՝փորձելով յուրաքանչյուրն իր հերթին կառավարել կողմերին աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար։ Եվ սա կարող է երկար շարունակվել»,- ասաց նա։


Աղբյուրը՝ 168.am

18:05 09.11.2023