Տնտեսական
Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները․ «Փաստ»
Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահմանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։
Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»: …Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։
Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։
Աղբյուրը՝ «Փաստ»