ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապրեմ միայն հայկական Արցախում. Դիանայի ընտանիքը Մասիսում է, երազում է վերադառնալ
17:45 17.11.2023

Կապրեմ միայն հայկական Արցախում. Դիանայի ընտանիքը Մասիսում է, երազում է վերադառնալ

Եթե Արցախում պատերազմը սկսվել է ուղիղ կեսօրին, Ասկերանի շրջանի Հարավ գյուղում, հակառակը, առաջին կրակոցները լսել են առավոտյան ժամը 10-ին։

Դիանան MediaHub-ին պատմում է այդ օրվա տեսածն ու զգացածը. քաոս էր, չգիտեր` իր փրկության մասին մտածեր, թե՞ որդու, ով առաջնագծում էր։

«Ընդհանրապես այդ թեմայով չեմ ուզում խոսել։ Ես դեռ չեմ վերանորոգվել, ամեն անգամ Արցախի մասին խոսելիս սիրտս ցավում է, ազնիվ խոսք։ Սարսափելի օր էր, տղաս` առաջնագծում, պատկերացնում եք ի՞նչ է կատարվել ինձ հետ։ Ես ու ամուսինս մի որդի ունենք։ Այդ օրը նախ դպրոցը տարհանվեց, հետո մարդիկ սկսեցին  սարսափահար փախչել, խուճապ էր, բոլորն ուզում էին փրկվեին»,- ասում է հարավցի մեր զրուցակիցը, ով բռնի տեղահանությունից հետո հաստատվել է Մասիս համայնքում։ 

Դիանայի աղոթքները, սակայն, տեղ հասան, ընտանիքը փրկվեց։ Բայց Արցախում թողեց առաջին պատերազմում նահատակված հոր ու մյուս հարազատների գերեզմանները։ 

«Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ Արցախում, դժվարությամբ  տուն ենք դրել, երեխա մեծացրել։ Արցախից դուրս չէի պատկերացնում կյանքս։ Հիմա հայրենիքիս կորուստը չեմ ներելու»,- ասում է նա ու ցույց տալիս իր հետ բերված Արցախի ու Հայաստանի դրոշները, որ կախել է իր նոր հասցեի պատից: Ավելացնում է. «Դրանից եմ ուժ ստանում»։ 

«Այստեղ լավ են դիմավորել, հրաշալի մարդիկ են ձեռք մեկնել, բայց իմ սիրտը Արցախում է, հոգիս՝ Հարավի իմ տանը։ Հնարավորություն լինի առաջինն եմ հետ գնալու, բայց կապրեմ միայն հայկական Արցախի կարգավիճակով։ Ալիևը հոխորտում է Ստեփանակերտի հրապարակից, էնքան արհեստական է, ես գիտեմ, որ ինչ էլ լինի, հետ ենք գնալու»։ 

Տանը Դիանան զբաղվում է ձեռագործ աշխատանքով։ Իր գործած մանկական գլխարկներն ու գուլպաները սիրուն են, բայց իրացման հետ կապված խնդիր ունի․ «Դեռ ինձ չեն ճանաչում, կարծում եմ, հետագայում այդ հարցն էլ կլուծվի, չեմ նեղվում»։ 

Ասում է, որ չլիներ այս աշխատանքը, կգժվեր: Սիրելի աշխատանքը մեր զրուցակցի համար բիզնես հնարավորություն կարող է դառնալ։

 
17:45 17.11.2023