Քաղաքական
«Արցախի ԱԺ-ն Երևանում նիստ կանցկացնի՝ ընթացակարգի հետ կապված խնդիրները լուծելուց հետո». Մետաքսե Հակոբյան
Տևական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ Արցախի Հանրապետության ԱԺ-ն պատրաստվում է Երևանում ԱԺ նիստ անցկացնել, մինչդեռ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ շաբաթ խորհրդարանում հայտարարում էր, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու զարգացումը Հայաստանում մեծ սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ 1,5 ամիս առաջ ԱԺ ամբողջ կազմով հավաքվել են, քննարկում են անցկացրել, որտեղ հնչել են տարբեր կարծիքներ։
«Ընդհանուր կարծիքը հետևյալն էր, որ մենք ոչ թե մեր ցանկությամբ պետք է այդ ամենն անենք, այլ ունենք կոնկրետ պարտականություններ, որոնք ուղղակի պարտավոր ենք կատարել։
Մենք խնդիր ունենք զուտ ԱԺ նիստ անցկացնելու ընթացակարգի հետ կապված, որովհետև, անկախ իրավիճակից, մենք չենք պատրաստվում Սահմանադրություն խախտել։ Քանի որ իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին չենք կարողացել գումարել մեր հերթական նիստերը, հետևաբար, ըստ կանոնակարգի, պետք է որոշում կայացնենք՝ ինչ ձևաչափով, ինչպես, ինչ կարգով։ Եվ ըստ ընթացակարգի՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հարցերը կորոշվեն»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե նիստի օրակարգում ի՞նչ հարցեր են լինելու, պատգամավորը պատասխանեց, որ հանդիպման ժամանակ օրակարգի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ այդ օրակարգն էլ կձևավորվի։
«Մենք ունենք նաև նոր պատգամավորներ, մեկ պատգամավոր, որը վայր է դրել իր մանդատը, նրան փոխարինել է մեկ այլ պատգամավոր, և պետնախարարի նշանակմամբ պայմանավորված նոր պատգամավոր կա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Արցախի պետական ինստիտուտների վերաբերյալ հայտարարությանը, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ ամենը ՀՀ իշխանության գործելաոճն է։
«Այսօր ցավոք, գործընթացներ են տեղի ունենում նաև Հայաստանի շուրջ, նկատի ունեմ «խաղաղության պայմանագիրը», տեսնում ենք նաև պաշտոնական Բաքվի արձագանքները դրա վերաբերյալ։ Հետևաբար, այդ գործընթացները դեպի լավը չեն տանում և ապագայում ակնկալիքները դրական չեն։ Մենք դա տեսնել ենք, երբ Հայաստանի իշխանությունները՝ գնալով այդ սցենարով, որն ունեն Ադրբեջանի հետ, պահում են իրենց պայմանավորվածությունը, բնականաբար, կարգելեն իրենց կարգած «մեղավորներին» քայլ անել, այդ «մեղավորներն» Արցախի իշխանությունն է, Արցախի ժողովուրդը։
Արցախի Հանրապետությունը չի կարող վտանգ ներկայացնել Հայաստանի համար, 30 տարի շարունակ դա ապացուցվել է՝ Արցախը եղել է Հայաստանի անվտանգության դարպասն ու վահանը։ Հիմա փաստացի Արցախի օկուպացման արդյունքում Հայաստանը լուրջ վտանգների մեջ է։ Այն, ինչ արեցին Արցախի հետ, դա արդեն իսկ ուղիղ վտանգ է Հայաստանի համար։
Եթե այսօր ՀՀ իշխանությունը շարունակում է իր այդ քաղաքականությունը՝ ուղիղ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Աղբյուրը՝ 168.am