ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հիմա ոչ հայրս կա, ոչ երկիրը՝ թեկուզ անարժանապատիվ խաղաղությամբ
21:07 20.11.2023

Հիմա ոչ հայրս կա, ոչ երկիրը՝ թեկուզ անարժանապատիվ խաղաղությամբ

«Պատերազմը, իսկապես, խլում է լավագույններին». այսպես է մեկնաբանում Ալեքսը սեպտեմբերի 19-ին պատերազմում անմահացած հոր՝ Գևորգ Ավանեսյանի մահը։ 

Ավանեսյանների ընտանիքը Հադրութի շրջանի Քյուրաթաղից է։ 2020 թվականին Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների ընթացքում գյուղն ընկավ, Գևորգի երազանքներն ու կնոջ՝ Մելինեի հետ համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերածը թողեցին այնտեղ։ Ընտանիքը 3 զավակներով ապաստանեցին Ստեփանակերտում։ 

«Հայրս ինձ համար հայրենիքը սիրելու չափման միավոր է։ Այնքան էր կապված Արցախին, որ հանուն նրա էլ նվիրեց կյանքը։ Ապրիլյան քառօրյայի, 44-օրյայի ակտիվ մասնակից է։ Ամբողջ ծառայության ընթացքում բազմաթիվ փորձություններից է հրաշքով փրկվել։ Բարեխիղճ էր ծառայում ու մեծ հարգանք էր վայելում թե՛ բաեկամության և թե՛ մարտական ընկերների շրջանում»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է հերոսի որդին։ 

Սեպտեմբերի 19-ին Գևորգը եղել է դիրքերում՝ Շուշիի շրջանի Ղայբալիշենում էր իրականացնում մարտական հերթապահությունը։ Նույն օրը ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում հայկական դիրքերը։ Արցախի պաշտպանության բանակն անում էր հնարավորը, բայց զոհերն անխուսափելի էին։ Գևորգը զոհվում է հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Մելինեն, իր անչափահաս երկու դուստրերի ու որդու հետ սկսում է ամուսնուն փնտրել հիվանդանոցներում, որովհետև մարտական ընկերներն ասել էին, որ ողջ է։ 

«Քանի որ վիրավորների շարքում չգտանք, գնացինք զորամաս՝ կենտրոնական պաշտպանական շրջան։ Այնտեղ իմացանք, որ պապան զոհվել է։ 3 օր անց փրկարարները հանեցին հորս մարմինը։ Սկզբում ուզում էինք հուղարկավորել Արցախում, հետո իմացանք, որ Հայաստան տեղափոխելու հնարավորություն կա, գրանցվեցինք ու տեղափոխեցվինք և՛ հորս դիակը, և՛ մենք»,- պատմում է մեր զրուցակիցը։

Գևորգ Ավանեսյանը հուղարկավորվեց Եռաբլուրում։ Ինքը գնաց, կնոջը թողեց անթև։ Որդին պատմում է, որ 44-ամյա հայրը շատ երազանքներ ուներ, իսկ ամենից առաջ նա երազում էր խաղաղության, Հադրութ վերադառնալու, զավակներին լավ կրթություն տալու ու արժանապատիվ երկրում ապրելու մասին. «Հիմա ոչ հայրս կա, ոչ երկիրը՝ թեկուզ անարժանապատիվ խաղաղությամբ»...

Աղբյուրը՝ MediaHub

21:07 20.11.2023