ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հարություն Հարությունյանը՝ 5-րդ ալիքի չնշվող հոբելյանի, շահած դատերի ու ճնշումների մասին
19:47 24.11.2023

Հարություն Հարությունյանը՝ 5-րդ ալիքի չնշվող հոբելյանի, շահած դատերի ու ճնշումների մասին

5-րդ ալիքն արդեն 5 տարի է՝ եթերում է: Aravot.am-ը հեռուստաընկերության հոբելյանի առիթով զրուցել է 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ: Նրանից տեղեկացանք, որ հոբելյանը հատուկ ձեւով չեն նշելու՝ հայտնի իրադարձություններով ու դրանից բխող հոգեվիճակով պայմանավորված: «Մենք եթեր մտանք ժողովրդի համար էյֆորիկ, բայց մեզ համար ամենադաժան ժամանակներում: Երբ սկսեցինք աշխատել, ստիպված էինք անջատել, օրինակ, խմբագրության հեռախոսները, որովհետեւ բոլորը զանգահարում եւ մեզ հայհոյում էին, մեր կարմիր բարձրախոսը տեսնելիս՝ հարձակվում էին մեր լրագրողների վրա: Մեր լրագրողները լաց էին լինում, չէին դիմանում: Ես բացատրում էի, որ այդ ամենը ժամանակավոր է, եւ պետք է հարգենք մեր մասնագիտությունը, չշեղվենք դրանից: Աստիճանաբար ամեն ինչ տեղն ընկավ, ու հիմա հակառակ պրոցեսն է գնում»,-ասաց Հարություն Հարությունյանը:

«Այդ շրջանում մենք չենք ունեցել լրագրողական համայնքի աջակցությունը, չենք ունեցել մասնագիտական կառույցների աջակցությունը, ավելին, երբ դիմում էինք մասնագիտական կառույցներին, որ մեզ աջակցեն, մարդիկ, որոնք տարիներ շարունակ լրագրողներ էին պատրաստում, սեմինարներ էին կազմակերպում տարբեր դրամաշնորհներով եւ ցույց էին տալիս, թե ինչ բան է լրագրությունը, ինչպես պետք է աշխատել, ուղղակի զավեշտալի պատասխաններ էին տալիս: Մի դեպքում մեկն ասում էր՝ դե որ հարձակվել են ձեր լրագրողի վրա, դա անձնական չէ, ուղղակի տեսել են ձեր խոսափողի կարմիր գլխիկը, մյուսն էլ ասում էր՝ ռեպորտաժը լավ է, բայց վերնագիրը քաղաքականացված է..Խոսքը այն վերնագրի մասին էր՝ «Անարյուն հեղափոխության առաջին զոհը», երբ Էջմիածնում դանակահարել էին ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին… Մասնագիտական կառույցը հրաժարվեց մեզ աջակցել, այն դեպքում, երբ լրագրողի ընտանիքում կարող էր տեղի ունենալ ամենաողբերգական դեպքը, ամուսինը չդիմանար իր կնոջ նկատմամբ ճնշումներին… Եղան նաեւ ճնշումներ տարբեր գերատեսչությունների կողմից, մեր լավագույն լրագրողն աշխատանքից ազատվեց, որպեսզի ամուսնուն աշխատանքից չհեռացնեն… Մի խոսքով, մեր ճանապարհը դժվար է եղել, բայց մենք հաղթահարել ենք այդ ճանապարհը եւ չենք դավաճանել մեր սկզբունքներին: Լավ լրատվություն ենք ապահովել եւ լավ բովանդակություն:

Շատ պաշտոնյաներ հաճախ ասում են՝ այ մենք ձեր քաղաքականության հետ համաձայն չենք, բայց դուք ֆանտաստիկ բովանդակություն եք ստեղծում… Դա շատ նման է Խորհրդային լճացման տարիներին, երբ Սոլժենիցինի «Գուլագ Արխիպելագը» տանում էին խուլ գյուղերից մեկը քննարկում կազմակերպելու, կենտկոմից մարդիկ էին գնում, ու մի կթվորուհի վեր էր կենում եւ ասում՝ ես չեմ կարդացել «Գուլագ Արխիպելագը», բայց դատապարտում եմ…»,-ասաց Հարություն Հարությունյանը: Մեր հարցին՝ ինչպե՞ս են աշխատելու առաջիկա 5 տարիներին, 5-րդ ալիքի գործադիր տնօրենն այսպես արձագանքեց. «Մենք չգիտենք՝ առաջիկա հինգ տարիներին կլինե՞նք, թե ոչ, որովհետեւ այս հինգ տարիների ընթացքում ԱԺ-ում ընդունվել են օրենքներ՝ առանց մեզ հետ (ոլորտի ներկայացուցիչների-Գ.Հ.) հաշվի նստելու, առանց մեզ հետ քննարկելու, մեր կարծիքը հաշվի առնելու: Կարծում եմ, որ նույնիսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասնագետների կարծիքը հաշվի չի առնվել շատ դեպքերում: Բոլոր ընդունված օրենքները հեռուստատեսային դաշտի համար ստեղծել են խնդիրներ: Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որ բոլորը կոտրած տաշտակի առաջ են կանգնած, բոլորը ունեն խնդիրներ, բոլորը մազից կախված են՝ բացառությամբ 1-2 հեռուստատեսության: Ինչ պետք է անենք, չգիտենք… Մենք հաճախ ենք քննարկում՝ դո՞ւրս գանք մուլտիպլեքսից, թե ոչ, որովհետեւ մեզ համար շատ ծանր են ծախսերը, հարկային վճարումները եւ այլն: Այսօր աշխարհը անցել է համացանցայինի, բայց նորմալ երկրներում հեռուստատեսությունը մնում է ժամանցի առարկա, գործիք, որի մեջ նաեւ մատուցվում է որակյալ լրատվություն: Մենք եւս այդ սկզբունքով ենք առաջնորդվում: Դժվար է ապրել մի համակարգում, երբ չունես ապագա ծրագրերի հանդեպ պատկերացումներ: Գիտենք, որ շատ լավ բաներ կարելի է անել, լավ բովանդակություն ստեղծել, ինչը ապացուցել ենք վերջին 5 տարիների ընթացքում մեր փոքրիկ տարածքում… Իսկ հիմա չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ ինչ ենք անելու հաջորդ 5 տարին, անելու ենք, թե ոչ կամ լինելու ենք, թե չենք լինելու… Ամեն րոպե մենք կարող է չլինենք, բայց մենք դրան տրամադրված չենք, եթե 5 տարի պայքարել ենք, եւս 5 տարի մեր պայքարը շարունակելու ենք, բայց չունենք հնարավորություններ, որպեսզի ծրագրենք մեր անելիքները…Ունենք շատ լավ մտահղացումներ, բայց դրանք կարելի է համար ցանկություն եւ լավ օրերի երազանք…Շատ դժվար է այսօր աշխատելը… Աշխարհում չկա ոչ մի լրատվամիջոց, որ ասի՝ ես անկախ եմ, բոլորը ինչ-որ կորպորատիվ շահերի մեջ են: Եվ դա շատ նորմալ է: Այսօր ամենադժվարը լրագրողի աշխատանքն է, տեսեք՝ ինչքան լրագրողներ են զոհվում, ինձ համար ամենադժվարը հակամարտություն լուսաբանելն է, երբ դու հակամարտության կողմ ես»: Մեր զրուցակիցը հավելում է. «Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, բոլորը լռում էին, մենք լուսաբանում էինք, բայց լուսաբանում էինք հավասարապես երկու կողմն էլ: Մեզ մեղադրեցին, որ իբր ռուսամետ ենք, Ռուսաստանի համար ենք աշխատում, բայց եթերը լավ զննողը կնկատի, որ ընդհակառակը՝ այնպիսի բառեր ենք օգտագործում եւ հնչեցնում, որ հնարավոր չէ ռուսամետ, ռուսասեր ալիքը իրեն նման արտահայտություններ թույլ տա: Մեր եթերը չդիտելով՝ այսօրվա մեր քաղհասարակություն կոչված հանրույթը մեզ մեղադրում էր, բայց փառք Աստծո, հակառակ գործընթացն էլ կար, երբ եվրոպական մի քանի դեսպանատները զարմանք էին հայտնում, թե ինչ լավ ենք լուսաբանում ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ստացվում է՝ ներսում մեզ խփում էին, իսկ դրսի դիվանագիտական կորպուսներն ասում էին՝ բրավո, հավասարակշռված եք լուսաբանում: Մենք պե՛տք է հավասարակշռված լուսաբանեինք, որովհետեւ դա մեր պատերազմը չէր: Բայց մյուս կողմից, նաեւ մեր պատերազմն էր, որովհետեւ մենք աշխարհի մի մասնիկն ենք, ցանկացած պատերազմ, լինի դա Գազայի գոտում, Իրաքում, թե մի այլ վայրում, դա նաեւ մերն է: Մենք մշտապես օգտվելով տարբեր աղբյուրներից, հավասարակշռություն ենք պահել, որ հեռուստադիտողը մտածի…»: Հարություն Հարությունյանն ասում է, որ Հայաստանում իրենք ճնշումների տակ են. «Մեզ մեկ բառի համար կարող են քննադատել որոշ կառույցներ, բայց նույն կառույցները երբեք չեն ասի, որ ԱԺ պատգամավորի վատ պահվածքի, հայհոյանքների համար 5-րդ ալիքը դատը շահել է, դատարանը պարտավորեցրել է պատգամավորին (նկատի ունի ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին-Գ.Հ.), որ ներողություն խնդրի ֆեյսբուքով, սակայն պատգամավորը մինչեւ այսօր չի խնդրել այդ ներողությունը: Մենք դատը շահել ենք, փոխհատուցումը ԴԱՀԿ-ով ստացել ենք, բայց դրանով չենք հպարտանում, չենք հայտարարում: Ի դեպ, այդ օրերին, երբ պատգամավորը մեր մասին գրառում էր անում, եւ նրա գրառման տակ գրում էին՝ դրանք թուրքեր են, դրանց ալիքը պետք է փակել, մեր նյուզռումից մի աղջկա եղբորն էին թաղում, մյուս աղջկա նշանածին, երրորդի հորեղբոր տղային էին թաղում, մեկն էլ հիվանդանոցի բակում լաց էր լինում, որ գոնե եղբայրը չմահանա… Ողբ էր մեր նյուզռումում, եւ պատկերացրեք մեր երեխեքի վիճակը, որոնց մասին այդ նույն պահին ասում են՝ թուրքեր են…Այս մասին, իհարկե, համապատասխան կառույցները չեն խոսի, բայց եթե պետք լինի խփել, մեզ կխփեն…Պատերազմական գոտում աշխատող լրագրողը շատ ավելի վատ վիճակում չի, քան մենք այստեղ, որովհետեւ այնտեղ գոնե գիտես, որ պատերազմ ես լուսաբանում, իսկ այստեղ բարոյապես են քեզ սպանում: Ու սպանողները, ցավոք, քո հայրենակիցներն են… Մենք մի քանի դատ ենք հաղթել, այդ թվում՝ ոստիկանությանը, բայց չենք բարձրաձայնել: Ի՞նչը բարձրաձայնես, որ քո պետությա՞ն ես հաղթել…Ինչ մի հպարտանալու բան է դա: Բայց այս մասին ոչ մի տեղ չի գրվում ու զեկույցներում գրվում է, թե մենք վատն ենք…Այ այս մթնոլորտում ենք շարունակում աշխատել»:  

Աղբյուրը՝ Առավոտ 

19:47 24.11.2023

Ամենաշատ ընթերցվածները