ԱՎԵԼԻՆ

Արցախ

«Օրս բացվում է Բաբկենի շիրիմին այցելելու ցանկությամբ. նա մնաց Արցախում...»
14:07 25.11.2023

«Օրս բացվում է Բաբկենի շիրիմին այցելելու ցանկությամբ. նա մնաց Արցախում...»

«Պատերազմը ինձնից խլեց իմ ամենաթանկերին, ամուսնուս և հայրենիքս։ Ես հենց նրանց համար էլ ապրում էի։ Բայց մի զարմանալի բան կա, իրենք են ինձ ուժ տալիս, որ հանուն երեխաներիս դիմանամ, չկոտրվեմ»,- MediaHub-ի հետ խոսելով իր կորուստների մասին՝ այսպես է մեկնաբանում Մարտունուց բռնի տեղահանված Արմինեն։ 

Զինծառայող ամուսնու՝ Բաբկեն Ադամյանի հետ ընտանիք էր կազմել 10 տարի առաջ, ունեցել են 2 դուստր։ Ապրում էին Մարտունի քաղաքում։ Բաբկենի դիրքերից իջնելու օրը տանը տոնախմբություն էր։ Արմինեն ասում է, որ համատեղ շատ երազանքներ ունեին, իսկ Բաբկենն ամենաշատը տղա երեխայի մասին էր երազում։ 

«Մեր մտքով երբեք չէր անցել Արցախից դուրս գալ, հեռու տեղ լավ կյանք փնտրել։ Գիտեինք, որ մեր հայրենիքում  ապրելը առաքելություն է։ Բաբկենը միշտ ասում էր. «Կյանքն այստեղ դժվար է, բայց մերը սա է, ու պիտի պայքարենք»»,- հիշում է Արմինեն։ 

2023 թվականի սեպտեմբերի 19-ն ամբողջությամբ փոխեց Արմինեի ճակատագիրը, նպատակները, հասցեն, երազանքները։ 

«Օրս բացվում է Բաբկենի շիրիմին այցելելու ցանկությամբ։ Նա մնաց Արցախում, ես երեխաներիս հետ՝ Վանաձորում։ Դա խելագարվելու աստիճան մի զգացում է։ Չգիտեմ՝ ինչպե՞ս բացատրեմ։ Նա զոհվեց մարտի դաշտում՝ հանուն սիրելի Արցախում արժանապատիվ ապրելու իր երեխաների երազանքի»,- ասում է կինը։

Ավագ լեյտենանտ Բաբկեն Ադամյանը զոհվել է սեպտեմբերի 19-ի երեկոյան Մարտունու «Կոհակ» սրբավայրի ազատագրման թեժ մարտերի ընթացքում։ Հուղարկավորվել է հայրենի Ճարտարում, որից հետո սկսվել է բռնի տեղահանումը։ 

2020 թվականի պատերազմից հետո Արմինեի մոտ նկատվել է նյարդային հիվանդություն, որը բերել է ցրված սկլերոզի։ Բլոկադայի ժամանակ ամուսնուն կորցնելուց հետո հիվանդությունն ավելի խորացել։

Կինը դժվար է շարժվում,  հազիվ է քայլում։ Աշխատելու հնարավորություն չունի։ Բուժվելու նպատակով ամիսը մեկ անգամ Վանաձորից հասնում է Երևան։ Կյանքը դժվար է, իսկ հաղթահարման ճանապարհը՝ բարդ։ 

«Ինձ վերևից ուժ է տալիս Բաբկենը։ Հնարավորություն լիներ, գնայի շիրիմին այցելելու, փոխանցեի իմ ու աղջիկներիս սերը, որ չհասցրեցինք ասել»։

14:07 25.11.2023

Ամենաշատ ընթերցվածները