ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը կորսված գույքի վերադարձի խնդրի կապակցությամբ
13:02 27.11.2023

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը կորսված գույքի վերադարձի խնդրի կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել կորսված գույքի վերադարձի խնդրի կապակցությամբ։

«Ինչպես հայտնի դարձավ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական 4–րդ գանգատն է լրացնում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Սեպտեմբերի 19-20-ի Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայությունը մի քանի օրերի ընթացքում ենթարկվեց էթնիկ զտման՝ զենքի սպառնալիքի տակ լքելով սեփական բնակավայրերը։ Բռնի տեղահանվածները ստիպված են եղել թողնել ողջ անշարժ գույքը, շարժական գույքի մի զգալի հատված։ Ճնշող մեծամասնությունը Հայաստան է հասել՝ զուրկ առաջին անհրաժեշտության պարագաներից։ Ուստի, գույքային իրավունքների պաշտպանության հարցը Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար կենսական նշանակություն ունի։

Սակայն այս խնդրի կարևորությունը չի սահմանափակվում միայն սեպտեմբերյան իրողություններով և դրա համապատասխան հետևանքներով։ Այն մեծ կարևորություն ունի նաև մեր՝ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից հայրենազրկվածներիս համար։ Մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի մեր գույքային իրավունքների խնդիրը ևս բարձրացվի, որովհետև 1988-1992 թթ․ Ադրբեջանի տարածքից բռնությամբ հեռացածներիս մեծամասնության մասնավոր սեփականության և գույքային իրավունքը արմատապես խախտվել է այն համատարած թալանի ու բռնությունների հետևանքով, որոնց մենք ենթարկվել ենք։

Ուստի, մենք ակնկալում ենք, որ մանրամասն հետազոտություն կանցկացվի 1988-1992 թթ․ Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնակչության կորցրած ունեցվածքի վերաբերյալ և միջազգային իրավապաշտպան կառույցներում կբարձրաձայնվեն նաև մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և փոխհատուցման խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ։

13:02 27.11.2023

Ամենաշատ ընթերցվածները