ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղահայությանը». Աբխազիայի նախագահ
22:43 27.11.2023

«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղահայությանը». Աբխազիայի նախագահ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը հայտարարությանը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակորեն պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը։ Արևմուտքի ազդեցության տակ Հայաստանի ներկայիս իշխանությունը հայտարարություններ է անում, որոնք դեմ են անկախ պետություն ստեղծելու իրավունքի համար աբխազ ժողովրդի ընտրած ուղուն»,- netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Աբխազիայի դե ֆակտո նախագահը:

Միևնույն ժամանակ, Բժանիան Փաշինյանին հիշեցրել է, որ Աբխազիան հարգանք է ցուցաբերում ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

«Այսօր Աբխազիայի հայ համայնքը ներկայացված է կառավարության կենտրոնական և տեղական կառույցներում, պետությունն աջակցում է հայոց լեզվին և մշակույթին, իսկ հայկական եկեղեցու կառույցներն ազատ են գործում։ Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղահայությանը, որն իր վարած քաղաքականության արդյունքում բախվեց պետականության կործանման և հայրենիքից զանգվածային հեռանալու ողբերգությանը»:

Բժանիան Հայաստանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել «ներարկվող» հռետորաբանությունից և սեփական արտաքին քաղաքականություն վարելիս հաշվի առնել փաստացի իրավիճակը։

Ըստ Բժանիայի՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։

«Այսպիսով, հիմնվելով իրերի փաստացի վիճակի վրա՝ միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը ամենահարմար բնութագրերն են Աբխազիայի համար, որը վերահսկում է իր ողջ տարածքը՝ որպես ժողովրդավարական պետություն, որի անկախությունը ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից։ Միևնույն ժամանակ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը՝ իր վարչապետի աջակցությամբ, չեն համապատասխանում նշված բոլոր հատկանիշներին»,- նշել է Աբխազիայի նախագահը։

Աղբյուրը՝ 168.am

22:43 27.11.2023

Ամենաշատ ընթերցվածները