Քաղաքական
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Նոյեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության տելեգրամ ալիքում տեղ գտած հրապարակումից, վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ.Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։
Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 միլիոն 200.000 ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ վերջին 3 ամսվա դատական գործընթացին՝ որպես իրավապաշտպան-փաստաբան, չի մասնակցել՝ պայմանավորված որոշ վստահորդների իրավական տարաձայնություններով, հետևաբար՝ գործից այս դրվագով ու դատական ակտի վերաբերյալ չի կարող կարծիք հայտնել։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվող ընդհանուր դատական գործընթացին, փաստաբանն ասաց, որ այդ գործընթացի մասին ինչ ասել է նախկինում, կարծիքը չի փոխել։
«Առաջին իսկ օրվանից ներգրավվել եմ գեներալ Մանվել Գրիգորյանի գործին։ Իմ կարծիքը չի փոխվել, ըստ էության առաջին օրվանից ակնհայտ էր, որ տեղի է ունենում հաշվեհարդար և տեղի է ունենում փողոցային արդարադատություն։
Այս պահին շարունակում եմ մասնակցել միայն Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործին՝ Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների վերաբերյալ»։
Փաստաբանը նաև ընդգծեց՝ վստահորդները, որոնց հետ կան իրավական տարաձայնություններ, եթե գան այն գիտակցության, որ իրավական մարտավարության առումով իր առաջարկն է ողջամիտ, և այն ընդունեն՝ կրկին կշարունակի պաշտպանել նրանց շահերը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, վիճակն առավել վատացել էր՝ հատկապես Արցախը հանձնելու մասին լուրը ստանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտը մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):
Աղբյուրը՝ 168.am