ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Միայն մեր ընկերության ավելի քան 50 բեռնատար հիմա կանգնած է Լարսի անցակետում ու Վլադիկավկազում». բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ
17:40 29.11.2023

«Միայն մեր ընկերության ավելի քան 50 բեռնատար հիմա կանգնած է Լարսի անցակետում ու Վլադիկավկազում». բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ

Վերին Լարսի հատվածում՝ ռուսական ու վրացական կողմերում, հազարավոր բեռնատարներ շարունակում են կանգնած մնալ:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Սաֆարի տրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Նվարդ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մեքենաների հերթը կապված է սահմանային հատվածում ձյան առատ տեղումների ու ձնամաքրման աշխատանքների իրականացման հետ:

«Ռուսական կողմից ավելի քան 50 բեռնատար մեքենա ունենք կանգնած Լարսում ու Վլադիկավկազում: Վրացական կողմից այս պահին կանգնած մեքենաներ չունենք: Բայց ռուսական կողմից բավականին մեծաքանակ ապրանքատեսակներ ենք տեղափոխում այս պահին էլ՝ սառեցրած միս, տեխնիկա, սարքավորումներ, թուղթ, շինանյութ»,- մանրամասնեց միջազգային բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը:

Որոշ մեքենաներ, իհարկե, այս ընթացքում հատել են սահմանը, սակայն Նվարդ Խաչատրյանի խոսքով, իրենց բազմաթիվ բեռնափոխադրող մեքենաներ, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակում են կանգնած մնալ ճանապարհին:

«Այս ընթացքում անընդհատ ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում: Մաքրելուն զուգահեռ՝ որոշ մեքենաների թույլատրում են անցնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ իր տեղեկություններով՝ այս պահին այդ հատվածում տեղումներ չկան:

Բեռնափոխադրող ընկերության տնօրենի խոսքով՝ մթերքի փչանալու խնդիր այս պահին չունեն: Սննդամթերքի պահպանման բոլոր կանոնները պահպանված են: Այլ հարց են մեքենաների երկարատև կանգնելու հետևանքով առաջացող հավելյալ ծախսերը:

«Մթերքը գալիս է սառնարանային մեքենաներով, ջերմային անհրաժեշտ ռեժիմները պահպանված են: Այս պահին, փառք Աստծո, նմանատիպ բեռներ չունենք, որոնք կարող են ժամկետանց կամ վնասված լինել: Որքան երկար են մեքենաները կանգնում, այնքան ծախսն ավելանում է՝ հաշվի առնելով նաև, որ մեքենաների վարորդներին նաև աշխատավարձ ենք վճարում, ավելի շատ վառելանյութ է օգտագործվում: Այս պարագայում պատվիրատուներն այնքան վնաս չեն կրում, որքան փոխադրողները: Այդ ամբողջ ծախսը մեզ վրա է մնում»,- ցավով արձանագրեց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ օրինակ, սառնարանային ռեժիմով աշխատող մեքենան, միջինացված հաշվարկով, մեկ օր կանգնելու դեպքում ընկերությանն արժենում է նվազագույնը հավելյալ 20 հազար դրամ: Այս խնդիրներին, ըստ նրա, ընկերություններն առնչվում են գրեթե յուրաքանչյուր տարի՝ տարվա այս շրջանում:

«Այս շրջանում, բնականաբար, մի փոքր բարձրանում են նաև բեռնափոխադրման գները՝ հաշվի առնելով նաև բեռնափոխադրողների համար առաջացող այսպիսի մարտահրավերները: Մենք, իհարկե, այսպիսի իրավիճակներին պատրաստվում ենք, բայց պատրաստ չենք շատ երկար կանգնած մնալ: Դա շատ վատ հետևանքներ է ունենում թե՛ մեր աշխատանքի, թե՛ ապրանքատեսակների տեղափոխման գործընթացի վրա: Հաշվարկն այնպես է, որ մեքենաները պետք է գոնե մաքսիմում 7 օրում հատեն սահմանը: Այս պարագայում, սակայն, ինչպես տեսնում ենք, այդպես չէ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք բեռնափոխադրումն իրականացնում են վարձակալած մեքենաներով:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում, սպասում են անցման իրենց հերթին։

«Մոտ 800 Վրաստանի տարածքում են սպասում և արդեն 900՝ Ռուսաստանի կողմից»,- հայտնել էր Հակոբյանը։

 

Աղբյուրը՝ 168.am

17:40 29.11.2023

Ամենաշատ ընթերցվածները