ԱՎԵԼԻՆ

Կրթություն

«Գրականության գրքից Րաֆֆուն հանելը խայտառակություն է»․ դասագրքի հեղինակ
16:24 30.11.2023

«Գրականության գրքից Րաֆֆուն հանելը խայտառակություն է»․ դասագրքի հեղինակ

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյան, որը նաև հայ գրականության նոր դասագրքի հեղինակն է, մանրամասն անդրադարձել է այս խնդրին և իր դասագրքում էլ փորձել է լուծել այն։

«Դասագիրքը սկսվում է 19-րդ դարի հայ գրականությունից, իսկ ո՞ւր մնաց միջնադարյան գրականությունը։ Դա խոշոր բացթողում է»,- ABC Media-ի հետ զրույցում նշել է Մակարյանը։

Մասնագետն ասում է, որ դասագրքի համահեղինակ Հենրիկ Բախչինյանը գրել է միջնադարյան գրականության բաժինը, բայց դա տեղ է գտել կրթահարթակում, այսինքն աշակերտը ստիպված է QR կոդով անցնել, որպեսզի կարդա այն։

«Ըստ էության՝ 192 էջանոց դասագրքի 180 էջը ես եմ գրել, որը սկսվում է Խաչատուր Աբովյանով, ավարտվում է Հովհաննես Թումանյանով։ Շատ հեղինակներ տուժել են։ Դասագրքում չկան Պետրոս Դուրյանը, Միքայել Նալբանդյանը։ Չափորոշիչներում պահանջը եղել է Նար Դոսի «Սպանված աղավնին», բայց ես կարծում եմ, որ այն արդեն ժամանակավրեպ է։ Ես, իհարկե, աշխատել եմ, հնարավորինս լավ վերլուծել եմ, փորձել եմ գրել դպրոցական երեխաների մտածողությանը մատչելի։ Այնուամենայնիվ այն արդեն ժամանակավրեպ է։ Եթե ինձ հարցնեին, ես կառաջարկեի «Աննա Սարոյանը»։ Երիտասարդ աղջկա  ինքնասպանության խնդիրը շատ ակտուալ է մեր պայմաններում։ Երեխայի մեջ այդ ոգին, որ ինչ էլ լինի՝ կյանքը հեշտ չէ, երջանկությունն ու դժբախտությունը երկվորյակ քույրեր են։ Երեխան կարող է դեռևս դպրոցական հասակից հոգեկան կորով ստանալ»,-ասաց Մակարյանը։

Ալբերտ Մակարյանի միակ դժգոհությունը չափորոշիչներն են։

«Չափորոշիչները բավական անհաջող են։ Հովհաննես Թումանյանի քառյակներն են ներառված, «Անուշ» պոեմը, որը շատ հանճարեղ գործ է, բայց որ խորն ենք մտածում, դարձյալ ժամանակավրեպ է։ Օրինակ՝ ես կդնեի «Փարվանան», որ վերժամանակյա գործ է, բոլորին է հետաքրքրում։ Հիշենք այդ պատկերները՝ անշեջ հուրը, ճշմարիտ սերը։ Այստեղ այդքան էական չէ՝ որոնումները, կա՞, թե՞ չկա դա։ Այս բալլադում կարևորը ձգտումն է, հերոսը ձգտում է հասնել դրան։ Կարելի էր մտածել մի քիչ խելացի բաներ դնել։ Ես հայտարարում եմ, որ խայտառակություն է Րաֆֆուն հանել, դուրս նետելը։ 10-րդ դասարանի դասագրքում  Րաֆֆի չկա։ Նա գտնվում է կրթահարթակում։ Պետք է երեխան հեռախոսի միջոցով մտնի, նայի։ Անգամ թղթայինը չեն կարդում, ուր մնաց՝ լրացուցիչ գրականություն կարդան։ Րաֆֆին պետք է լիներ կենտրոնական հեղինակ, որովհետև ամբողջ նոր գրականության, հատկապես 70-80-ականների համապատկերում, երկու կենտրոնական գրող կա՝ արևելյան հատվածում Րաֆֆին էր, արևմտահայ հատվածում՝ Հակոբ Պարոնյանը։ Պարոնյանը կա, շնորհակալ ենք, որ  չեն հանել Պարոնյանին, Րաֆֆուն հանել են»,-նշեց նա։

Աղբյուրը՝ ABC Media

16:24 30.11.2023

Ամենաշատ ընթերցվածները