ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Թե ինչպես թուրքերը գրավեցին Հայաստանը»․ Էդգար Էլբակյան
16:59 04.12.2023

«Թե ինչպես թուրքերը գրավեցին Հայաստանը»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

 «Թե ինչպես թուրքերը գրավեցին Հայաստանը

• Այն հայերը, որ, թուրքական քարոզչության թեզերը կրկնելով, այսօր արդարացնում են Արցախի հանձնումը՝ ասելով «դե միջազգային իրավունքով Ադրբեջանինն ա», վաղը նույն հաջողությամբ կարդարացնեն Սյունիքի հանձնումը՝ ասելով «դե 26 տարի մենք էինք իրանց տարածքը գրավել, պա՞րզ չի, որ սենց հետևանք պիտի լիներ»։ Այդ մարդիկ թեզերի պակաս չեն ունենա, որովհետև թուրքերը նրանց անընդհատ մատակարարում են այդ թեզերը։

• Իսկ որպեսզի մատակարարես մի բան, պետք է արտադրես այդ մի բանը։ Թուրքերն արդյունաբերության մեջ, ի՜նչ խոսք, հմուտ են։ Փոխարենը արի ու տես, որ 1998-2018 թթ․ ընթացքում Հայաստանում, բացի հին գաղափարախոսների աշխատանքները վերատպելուց, ոչ մի նոր ազգային գաղափարախոսական տեքստ չգրվեց։ Ինչ որ գրվեց, ազգային չէր ու ներկրված էր Թուրքիայից, ճիշտ ինչպես քռչուփալասները։

• Ուղղակի եթե քռչուփալասները Վրաստանով էին գալիս, գաղափարներն ու թեզերն ավելի ուղիղ էին այստեղ հասնում։ Ներկրման բացառիկ մենաշնորհն էլ լևոնականներինն էր, ինչը նրանց ապահովում էր շուկայում գերշահույթ ստանալով և արևմուտքում բիզնես գործընկերներ գտնելու անսպառ հնարավորությամբ։

• Ես գիտեմ, որ 1998-2018 թթ․ իշխած անձինք՝ որպես Արցախյան առաջին հաղթական պատերազմի հրամանատարներ, ընդունում են, որ ՀՅԴ Շուշիի գումարտակը պատերազմի ամենակարգապահ և ամենամարտունակ ստորաբաժանումներից էր։ Հարգանքի է արժանի նրանց ազնվությունը, որ չլինելով դաշնակցական՝ ընդունում են այս փաստը։ Նրանց փոխարեն ի՞նչ կանեի ես՝ իմանալով այս փաստը։

• Նախագահ եղած տարիներիս կփորձեի հետահայաց վերլուծել, թե ինչն էր պատճառը, որ հենց այդ գումարտակն էր ամենակարգապահն ու ամենամարտունակը։ Ո՛չ տեղացի տղաներից բաղկացած գումարտակները, ո՛չ հայաստանցիների բրիգադները, այլ հենց Շուշիի դաշնակցական գումարտակը։ Քիչ թե շատ վերլուծելուց հետո կհասկանայի, որ պատճառը ոչ թե ինքնին կուսակցականացվածությունն է, այլ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։

• Գաղափարական մարդուն առաջ է մղում իդեալը, որի հանդեպ նա ունի անսասան և չմարող հավատ։ Գաղափարական մարդը միշտ ավելի մեծ երազանքի համար է կռվում, քան հասարակ մահկանացուները։ Գաղափարական մարդն Արցախում պայքարում էր Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի համար, ոչ թե սոսկ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման»։ Գաղափարական մարդն Արցախում վրեժ էր լուծում Մուշից, Սասունից ու Վանից բռնագաղթեցված, Սումգայիթում ու Բաքվում ողջակիզված իր հայրենակիցների համար, ոչ թե սոսկ ապահովում էր «մեզ պարտադրված պատերազմում միջազգային իրավունքի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը»։

• Ցավոք, 1998-2018 թթ․ մելիքական Հայաստանը չկարողացավ բնաջնջել նախորդ տարիներին Թուրքիայից ներկրված քարոզչական պարտադրանքը, թե իբր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հայդատականությունը՝ հետամնացություն։ Գաղափարականացվածության փոխարեն 1998 թ․-ից հետո շեշտը ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ դրվեց նյութական բարեկեցության ապահովման վրա։ Արդյունքում, ինչպես այդ լինում է կենցաղային կյանքում, երեխան մեծացավ քիչ թե շատ փորը կուշտ, քիչ թե շատ տաք հագնված, բայց անդաստիարակ, անշնորհակալ ու հայրական տունը քանդող։

• Հայաստանը կործանվել է գաղափարականացվածության բացակայությունից, պարզ ասած՝ ոչ թե ոչմիթիզականության պատճառով, այլ իրապես ոչմիթիզական չլինելու պատճառով, ոչ թե հայդատականության պատճառով, այլ իրապես հայդատական չլինելու պատճառով»։

 

16:59 04.12.2023

Ամենաշատ ընթերցվածները