ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ»․ Սերգեյ Մելքոնյան
20:11 05.12.2023

«Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ»․ Սերգեյ Մելքոնյան

Ըստ իս՝ Ռուսաստանն ու Ուկրաինան դանդաղ, բայց պատրաստվում են հաջորդ տարվա սկզբին բանակցությունների, հիմա Ռուսաստանն իր հաջողությունը զարգացնում է միանգամից բոլոր ուղղություններով։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։ 

«Արևմտյան մի շարք հարթակներից հնչում է նույն հռետորաբանությունն այն մասին, որ Ուկրաինային մեծ քանակությամբ օգնություն այլևս չի տրամադրվելու: Իսկ Ուկրաինան առանց լուրջ աջակցության դատապարտված է աստիճանաբար պարտության, իսկ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար պետք է ինչ-որ համաձայնության գա։ Կարծում եմ, որ կարելի է ակնկալել բանակցությունների սկիզբը հաջորդ տարվա առաջին կեսին»,- նշեց մեր զրուցակիցը։

Միջազգայնագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչ արդյունք կունենան բանակցությունները։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակելու է առաջ տանել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին դիսկուրսը և տարածքների ճանաչումը։ Այստեղ այլ հարց է ծագում, թե ինչպե՞ս կանդրադառնան այդ իրադարձությունները մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։ 

«Իրավիճակի սառելու դեպքում, փաստացի, Ռուսաստանը կունենա մի ամբողջ բանակ, որն ավելացել է մոտ 170 հազարով, հիմա այն կազմում է մոտ 1 150 628 հազար։ Այսինքն՝ ՌԴ զինված ուժերը և պաշտպանական, տնտեսական ու մի շարք ռեսուրսները համապատասխանաբար կազատվեն բուն ռազմական գործողությունների ակտիվ փուլից։ Այս պարագայում՝ Ռուսաստանն իր ուշադրությունը կսևեռի մեկ այլ տարածաշրջանի վրա և մասնավորապես՝ Հարավային Կովկասի։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի դիրքերը, մեղմ ասած, զգալիորեն թուլացել են տարածաշրջանում, ապա ազդեցության գոտին չկորցնելու համար մեծ ռեսուրսների և ուշադրության պետք է արժանացնել տարածաշրջանը, իսկ կանեն, թե ոչ, այս պահին դժվար է ասել»,- ընդգծեց միջազգայնագետը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին՝ Մելքոնյանը նշեց, որ այս խաղաղության պայմանագիրն Ադրբեջանին ընդհանրապես պետք չէ, այն ընդամենը ուզում է, որ Հայաստանը պարզապես բացի հաղորդակցությունը Սյունիքի միջանցքով։ Այսինքն՝ Ադրբեջանին ոչ մի այլ կոմունիկացիա պետք չէ Հայաստանից, ոչ մի համաձայնագիր, ոչ մի այլ բան։

«Ադրբեջանին պետք է, որ ՀՀ իշխանությունը կատարի այն, ինչ խոստացել էր Սյունիքի միջանցքի և այսպես կոչված անկլավների մասին։ Հայաստանի իշխանությունները փորձում են այս ամենը փաթեթավորել ընդհանուր տուփի մեջ՝ ամեն ինչ անվանելով խաղաղության պայմանագիր։ Եվ հիմա ամբողջ սցենարը հենց այդ երկու կետերի վրա է հիմնվում»,- շեշտեց Մելքոնյանը։

«Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի առհասարակ ինչ-որ արևմտյան հարթակում կամ հայ-ադրբեջանական սահմանին, ապա այն բացառելու է նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետը, որի համաձայն՝ հայ-ռուսական զորքերի համատեղ վերահսկողություն այլևս չի լինի կոմունիկացիաների վրա։ Իսկ ռուսական հարթակում ստորագրելու դեպքում Ռուսաստանը գոնե կկարողանա ինչ-որ դիրքեր վերականգնել։ Հիմնական կոնֆլիկտը ծավալվելու է հենց այդ կետի շուրջ»,- եզրափակեց Մելքոնյանը։

 

Աղբյուրը՝MediaHub

Սերգեյ Մելքոնյանը

20:11 05.12.2023

Ամենաշատ ընթերցվածները