ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Սոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկումը մակրոտնտեսական անհավասարակշռության ու ճգնաժամի հիմք կդառնա»․ Թադևոս Ավետիսյան
15:46 22.01.2024

«Սոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկումը մակրոտնտեսական անհավասարակշռության ու ճգնաժամի հիմք կդառնա»․ Թադևոս Ավետիսյան

Կառավարությունը չի կարողանալու 2025, 2026 թվականներին կրկնապատկել կենսաթոշակները, Armenia Today-ին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով սոցիալական պաշտպանության համակարգում իշխանությունների կողմից ծրագրվող փոփոխությունների մասին։ «2018-ից իշխանության են ու ունեն տարբեր ծրագրեր, այդ թվում՝ սոցիալական ոլորտում։ Այս ընթացքում չեն վարանել սոցիալիստական ամենաընդգծված ուժին համարժեք խոստումներ տալ։ Խոստանում էին ծայրահեղ աղքատությունը վերացնել, բայց իրենց իշխանության օրոք ծայրահեղ աղքատությունը թռիչքաձև աճել է։ Խոստանում էին էապես կրճատել աղքատությունը, նվազագույն կենսապահովման զամբյուղից բարձր միջին կենսաթոշակ ապահովել։ Բայց իրենց իշխանության որոշ տարիների ընթացքում աղքատության ցուցանիշի աճ է գրանցվել, իսկ եթե արձանագրված նվազում կա, ապա չնչին է»,-ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ աճում է նաև ծայրահեղ աղքատությունը։ «Բնակչության ավելի քան 60%-ը, փաստացի, ավելի քիչ եկամուտ է ստանում, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղն է, ինչի հետևանքով ավելանում է աշխատող աղքատների թիվը։ Երբ մատնանշում ենք խնդիրները, ասում են՝ «մեր ծրագիրն ավարտվելու է 2026-ին»։ Բայց այդ խոստումը սուտ է, չի իրականանալու․ այս պահին նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ է, կենսաապահովման նվազագույն զամբյուղը՝ մոտ 80 000 դրամ։ Գնաճը հետզհետե ավելանում է, բացի այդ, միջին կենսաթոշակը 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Անգամ լավագույն կանխատեսումներով՝ 2025, 2026 թվականներին 4-5 տոկոսանոց տնտեսական իրական աճ ենք ունենալու, որի պայմաններում սոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկումը մակրոտնտեսական անհավասարակշռության ու ճգնաժամի հիմք կդառնա»,-նշել է պատգամավորը։

Նա կարծում է, որ ոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկման դեպքում կառավարությունը չի կարողանալու վճարել դրանք, իսկ եթե վճարի, «ապա փող տպելու ու բարձր գնաճի միջոցով»։ «Իրական եկամուտները նվազում են, և ամենամեծ հարվածը կրում է սոցիալապես անապահով խավը։ Այսինքն, ցածր եկամուտ ունեցողները, աշխատող աղքատները, աղքատները, աղքատության նպաստ ստացողները, միայնակ կենսաթոշակառուները»,-հավելել է Ավետիսյանը։

Ավետիսյանի դիտարկմամբ՝ աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարելու իշխանության ռազմավարությունը ողջամիտ է, բայց այս դեպքում այլ իրողություն կա։ «Նախորդ իշխանության օրոք էլ էր այդ ռազմավարությունը ծրագրային դրույթ։ Բայց այսօրվա իշխանությունը, ցույց տալով, թե իբր նշված ուղղությամբ աշխատանք է տանում, գրանցված աշխատատեղերի թվի աճը որպես նոր աշխատատեղ է ցույց տալիս։ Երբ աշխատատեղերը ստվերից դուրս են գալիս, իհարկե, դրական է, բայց դա չունի սոցիալական այն ազդեցությունը, որը կարող է լինել աշխատատեղերի իրական աճի դեպքում։ Բացի այդ, արտաքին գործոնով պայմանավորված ժամանակավոր տնտեսաան աճի ունեցանք։ Այդ գործոնի արդյունքում պահանջարկով պայմանավորված աշխատատեղերի թվի իրական աճ գրանցվեց սպասարկման, առևտրի ոլորտներում, բայց այդ բարձր տնտեսական աճը մեր տնտեսական ներուժը չէ, այն շարունակական չի լինելու։ Արդեն իսկ աճի տեմպի թուլացման ականատեսն ենք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ նոր բացված աշխատատեղերը կարող են փակվել։

Ըստ նրա՝ տնտեսության իրական հատվածը չի աշխուժանում։ «Գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում զրոյական կամ նվազագույն աճեր ունենք, իսկ այդ ցուցանիշները նաև սոցիալական հետևանքներ են ունենում։ Պատահական չէ, որ այս ամենը լավ իմանալով՝ օրվա իշխանությունները ոչ միայն վերացնում են մասնավորապես ՓՄՁ-ների համար նախատեսված տարբեր հարկային արտոնությունները, այլև բարձրացնում են հարկային բեռը։ Մեծ հաշվով, այն խոստումները, որոնք տվել են 2024-ի համար, դժվար է լինելու ապահովել, քանի որ 7 տոկոսանոց տնտեսական աճը բարձր ռիսկ է։ 2024-ի բյուջեն հիմնված է 7 տոկոսանոց տնտեսական աճի վրա, եթե այդ աճը տեղի չունեցավ, մենք եկամուտների, ծախսերի հարաբերակցության տեսանկյունից խիստ դժվարություններ ենք ունենալու։ Այդքան եկամուտ չի հավաքվելու, իսկ բյուջեում նշված ծրագրերը, որոնցով պարծեցել են, իրականացման լուրջ դժվարություններ են ունենալու»,-եզրափակել է Ավետիսյանը։

15:46 22.01.2024