ԱՎԵԼԻՆ

Իրավունք

Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից 110 գանգատով միջանկյալ միջոցներ են կիրառվել
18:12 27.01.2024

Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից 110 գանգատով միջանկյալ միջոցներ են կիրառվել

Միջազգային 2 դատական ատյանների կողմից Ադրբեջանի դեմ միջպետական շուրջ 10 գանգատների և անհատական մի քանի 100 գանգատով միջանկյալ միջոց է կիրառվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ առավելապես կարևոր են միջպետական գանգատները, որտեղ ընդհանուր բնույթի միջոցառումներ են, օրինակ՝ բոլոր հայերի տեղաշարժը կամ անվտանգությունն ապահովելու մասին։ Բնականաբար, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած իրադարձությունները (Ադրբեջանի պատվիարկության լիազորությունները չհաստատելը.- խմբ) իրենց ազդեցությունն ունեն և այդ որոշման հիմքում ընկած է այն փաստական հանգամանքը, որ չնայած Ադրբեջանի դեմ կայացված դատական ակտերին, տեղի է ունեցել էսկալացիա, որը հանգեցրել է էթնիկ զտումների։ Նույն ԵԽԽՎ-ն կարևորել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը անտեսել է միջազգային դատարանների միջանկյալ որոշումները։

«Այսինքն, այդ դատական, իրավական փասատթղթերն, ըստ էության, քաղաքական ճնշում գործադրելու լուրջ խաղաքարտ են ծառայել։ Կարծում եմ, որ սա հետագա ազդակների կատարման գործընթացի վրա ազդեցություն ունենալու է»,- նշել է տիկին Սահակյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանը անհատական գանգատների գործերով եւս անտեսի օրինական ուժի մեջ մտած վճիռները՝ նա նշեց, որ եթե միջպետական միջոցները անտեսում են, ապա անհատական գործերով դրա հավանականությունն ավելի մեծ է ։

«Մենք այս պահին ունենք մեկ տասնյակի մոտ ավարտված դատական գործերով օրինական ուժի մեջ մտած որոշումներ, վճիռներ, սակայն Ադրբեջանը դրանք չի կատարում։ Անգամ նյութական վնասի փոխհատուցման պարզունակ պարտականությունը, որն առանձնակի մեծ բեռ չէ Ադրբեջանի համար, միտումնավոր չի կատարվում։ Սա ցույց է տալիս, որ ոչ թե փորձում են վճարումը կամ մի քանի այլ գործողություններ կատարելու ճանապարհով համոզել, որ վճռի բոլոր դրույթները կատարված են ու հասնել այդ գործընթացների ավարտմանը, այլ բացահայտ կերպով դիմումատուներին կամ նրանց փաստաբաններին չեն վճարում դատարանի կողմից հաստատված վճարման ենթակա գումարը, ինչը միտում է, որ հստակ քաղաքական որոշում կա այս պահին՝ չկատարելու դատարաների դատական ակտերը, եթե անգամ դրանք կայացվել են, Ադրբեջանի կողմից խախտումները արձանագրվել են, պարտավորություններ են դրվել գումար վճարելու՝ պետք է առայժմ անտեսել և դրանց կատարմանն ուղղված քայլեր չձեռնարկել»,- արձանագրել է մասնագետը։

Նկատի ունենալով Ադրբեջանի որդեգրած այս քաղաքական գիծը՝ օկուպացված Արցախի տարածքում ականապատ դաշտերի մասին քարտեզները ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին տրամադրելը արդյոք միջազգային դատարաններում չի կարող օգտագործվել մեր դեմ։ Առավել եւս, երբ ՀՀ օրվա իշխանությունները Արցախի Հանրապետությունը ճանաչել են որպես Ադրբեջանի մասին։ Մեր հարցին ի պատասխան՝ Սահակյանն արձանագրեց՝ հստակ է, որ այնտեղ (Արցախում- խմբ.) եղել է պետականատիպ կազմավորում, որն ունեցել է իշխանություն որոշակի սահմանների վրա և անխուսափելիորեն պետք է պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված քայլեր իրականացներ և ականապատումը դրա համատեքստում է կատարվել։ «Գլոբալ խնդիր ես տեսնում եմ, ոչ թե ականապատման հանգամանքի ուժով, այլ որ Հայաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ նախ ԼՂ-ի ծագումնաբանությանը և այլ պատմական փաստերի չտիրապետելու, նաև իրավական զրո գիտելիքներ ունենալու պայմաններում հայտարարում են, որ Հայաստանը նախկինում օկուպացրել է ԼՂ-ն կամ ի սկզբանե դա եղել է Ադրբեջանի մաս։

Այս և նմանաբովանդակ հայտարարություններն են, որ խիստ վտանգավոր են և հիմքեր են առաջ բերում միջպետական գանգատների շրջանակում։

Եթե մենք ընդունում ենք, որ կա օկուպացիա, օկուպացված տարածքներում չի թույլատրվում նաև տնտեսական գործունեություն իրականացնելը։ Այստեղ միայն հատուկ դեպքեր կան, որ տնտեսական գործունեությունը կարող է թույլատրելի լինել։

Նման պայմաններում Ադրբեջանը ոչ միայն էներգետիկ հարցերի, այլ նաև այլ հիմքերով գործընթացներ կարող է սկսել, որի հետևում կներկայացվի նաև չափազանց մեծ նյութական պատասխանատվության վերաբերյալ պահանջ և այն մեծ ֆինանսական բեռ կարող է դառնալ ՀՀ-ի համար։

Այսինքն, այդ արտահայտությունները վտանգավոր են ոչ միայն ականապատման տեսանկյունից, այլ ընդհանրական ձևով այն վտանգավոր է այնտեղ իրականացված այլ գործունեությունների առնչությամբ, այդ թվում՝ տնտեսական, որի հետևանքով պատճառված ենթադրյալ վնասների հատուցման մաս կարող է առաջացնել»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։

18:12 27.01.2024

Ամենաշատ ընթերցվածները