ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մեռե՛ք, արցախցիներ, հայաստանցինե՛ր, հպատակվեք, թե չէ կկոտորվեք. Փաշինյանի ասածը սա է»․ Մինասյան․ 168.am
12:56 01.02.2024

«Մեռե՛ք, արցախցիներ, հայաստանցինե՛ր, հպատակվեք, թե չէ կկոտորվեք. Փաշինյանի ասածը սա է»․ Մինասյան․ 168.am

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում այսօր կայացավ սահմանագծման և սահմանազատման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հերթական նիստը, որի աշխատանքների վերաբերյալ երկու կողմերում ամենաշատ քննարկված հարցը վերաբերում է քարտեզների ճշգրտմանը, քանի որ ադրբեջանական կողմը մշտապես մերժում է այն քարտեզները, որոնք հայկական կողմն առաջարկում է դնել այս հանձնաժողովի աշխատանքների հիմքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խնդրահարույց համարեց այս հանձնաժողովների աշխատանքը, քանի որ հստակեցված չեն կողմերի աշխատանքի սկզբունքները, մինչդեռ, որպես հիմք՝ առաջինը հենց դա պետք է անեին, և այս հանձնաժողովն իր աշխատանքի համար պետք է հիմք ընդուներ ԵԱՀԿ 2017 թվականի այն փաստաթուղթը, որը վերաբերում է անցումային շրջանում գտնվող երկրների համար սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցերին, և հենց այդ փաստաթղթով են առաջարկվում կոնֆլիկտներ ունեցող երկրների համար միջազգային լավագույն փորձին հետամուտ լուծումները։

«Հետևապես, քանի դեռ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները հստակեցված չեն, այս հանձնաժողովները զբաղված են ջուր ծեծելով, իսկ վատագույն դեպքում՝ Ադրբեջանին Հայաստանից նոր զիջումներ անելով։ Հայաստանն այս ՔՊ-ական իշխանության պարագայում չունի դիմադրելու կամք, ուստի, ըստ Փաշինյանի, անընդհատ պետք է զիջել. պատահական չէ, որ այս իշխանության խոսույթն անընդհատ զիջելու մասին է»,- ասաց Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ հստակեցված չեն սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը կարելի է նմանեցնել հայտնի հեքիաթից կկվի մտածելակերպին։

«Այս իշխանությունը շարժվում է հետևյալ տրամաբանությամբ՝ թշնամին ինչ ուզում է՝ պետք է տանք, իսկ նման պարագայում ստացվելու է, որ շանս չկա, և Փաշինյանը ոչ միայն պետությունն է ոչնչացնում, այլ նաև հային զրկում է այս տարածքում ապրելու շանսից»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը չսպասարկող իշխանություն չունենալու պարագայում Հայաստանը կարող էր և՛ իր դիմադրողականության ռեսուրսն ի մի բերել, և՛ գտնել միջազգային երաշխավորներ ադրբեջանական ագրեսիային դիմադրելու համար։

«Մինչդեռ, մենք ի՞նչ տեսանք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Փաշինյանն արցախցիներին ասաց՝ մեռե՛ք, արցախցիներ, հիմա էլ հայաստանցիներին ասում է՝ հպատակվե՛ք։ Իրավունք չունենք թշնամուն դիմադրել, դա կլինի պատերազմ, որի ժամանակ մենք կկոտորվենք»,- իշխանության ղեկավարի վարած քաղաքականությունն այսպես բնութագրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարը՝ շեշտելով, որ թշնամական հոխորտանքներին ի պատասխան՝ բոլորիս հանձնվելու կոչ է արվում։

«Ապացուցված է՝ ցանկացած նման վարքագիծ բերել է պետականության կործանման»,- ասաց Մինասյանը՝ ի պատասխան չդիմադրելու կոչ անողներին, հիշեցնելով 30 տարվա դիմադրությունն ու Արցախի հայկականությունը։

«Բա տղամարդավարի ինչպե՞ս էինք դիմադրում՝ մինչև ՔՊ-ականների այս իշխանությունը… Գիտեք՝ Փաշինյանն աշխարհաքաղաքականության մեջ ոչ միայն ճիշտ չդիրքավորվեց, այլև սպասարկեց թուրք ադրբեջանական շահերը և դա արեց միայն իր իշխանությունը պահելու համար։ Նրա նպատակը մեկն է՝ մնալ իշխանության, և կապ չունի, թե քանի քառակուսի կիլոմետրի վրա»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Աղբյուրը՝ 168.am

12:56 01.02.2024