ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Երբ կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներ էին տալիս, չէին գնահատում պաշտոնների և անաշխատ, արագ եկամուտ ձեռք բերելու մարդկային գայթակղությունը»․ Սահակյան
14:04 01.02.2024

«Երբ կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներ էին տալիս, չէին գնահատում պաշտոնների և անաշխատ, արագ եկամուտ ձեռք բերելու մարդկային գայթակղությունը»․ Սահակյան

Դեպքերն ու ինստիտուցիոնալ ռեֆորմները ցույց են տալիս, որ  կոռուպցիոն երևույթները դեռ  սիստեմիկ ու մասշտաբային բնույթ են կրում, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին՝ ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրում կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով Է.«Մենք տեսնում ենք, որ համապատասխան արժանիքներ չունեցող անձինք ներգրավվում են հանրային կառավարման ոլորտում, օժտվում են հատուկ պետաիշխանական լիազորություններից և նաև աղետալի որոշումներ են կայացնում, որի հետևանքները դեռ երկար ժամանակ կրելու ենք յուրաքանչյուրս, ընդ որում, դրանք առնչվում են բոլոր ոլորտներին՝ կրթական, առողջապահական, իրավական, տնտեսական և այլն: Ինստիտուցիոնալ լուծումների տեսանկյունից ևս առաջընթաց չկա, Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովի ինստիտուցիոնալ կայացումը խնդրահարույց է, նշանակումները, առաջադրման գործընթացներն են խնդրահարույց:  Ընդհանրապես, այս մարմինը ենթարկվում է քաղաքական ազդեցությունների»:

 Սահակյանը հիշեցրեց հանձնաժողովի նախկին նախագահի առաջադրման գործընթացը. «Կոնկրետ այդ միջադեպի հետ կապված գնահատական չեմ ցանկանում հնչեցնել, սակայն առկա քաղաքականացման խնդիրները շատ տեսանելի դարձան հասարակությանը, և բոլոր արատավոր նախկին և ներկա գործընթացները ի ցույց դրվեցին նաև նշանակման գործընթացում: Բայց խորհրդարանի կողմից ընտրվող պաշտոնյաների առումով մենք այլ կոնտեքստներում էլ ենք տեսնում քաղաքականացման խնդիր: Դա ցայտուն դրսևորվել է նաև ԲԴԽ-ի պարագայում և մենք բարձրագույն իշխանության անկախության հետ կապված լրջագույն, անհաղթահարելի խնդիրներ ունենք: Եվ այս ամենը, բնականաբար, գնահատվում է միջազգային կառույցների կողմից, հասարակության ընկալումները ևս նշանակություն ունեն»:

 Իրավապաշտպանը շեշտեց, որ հետհեղափոխական ժամանակահատվածում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում որոշակի առաջընթաց գրանցվեց, որը, ըստ նրա, նաև աջակցության և խրախուսական միջոց էր. «Նշեմ նաև, որ նույն տենդենցներին ենթարկվել են նաև Վրաստանը և այլ երկրներ, որոնք պրոգրես են արձանագրել, սակայն հիմա շատ ավելի վատ նշաձողի վրա են գտնվում, քան, օրինակ՝ Հայաստանը կարող էր լինել 5-10 տարի առաջ: Այս խրախուսական գործընթացից հետո ակնկալվում էր, որ Հայաստանում իրական, ոչ թե իմիտացիոն գործընթացներ կլինեին, սակայն դա տեղի չի ունեցել և միջազգային կառույցները պետք է համաթիվը համապատասխանեցնեն իրականությանը, անկախ իրենց կողմի իշխանությունների աջակցության կամ այլ միտումներից, ստիպված են հաշվի նստել օբյեկտիվ փաստերի հետ: Մենք լսում ենք դեպքեր, երբ կոռուպցիոն դեպքերով պատժվում են։ Ես դրան շատ դրական եմ վերաբերվում, սակայն պետք է նկատի ունենանք, որ պատժիչ գործողությունները չեն կարող ցուցադրական լինել, զուտ հասարակության մոտ պատժելի իմիտացիա ստեղծելու նպատակով, և մյուս կողմից էլ դրանք չեն կարող լինել ընտրողական»:

 Հարցին, թե ինչու իշխանությունները չեն կարողանում արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, որի խոստումներով իշխանության եկան՝ Սահակյանը նշեց. «Կարծում եմ՝ այստեղ ապաշնորհները համատեղվել են և մի քանի նեգատիվ որակների համախմբություն ունենք: Քաղաքական կամք, միգուցե, առանձին օղակներում կա, բայց այստեղ մենք ուժեղ կոնսոլիդացված քաղաքական կամք չունենք, որն այդ զրո հանդուրժողականությունը կցուցաբերեր: Եվ այն ժամանակ, խոստումներ տալիս, մարդիկ չեն գնահատել պոշտոնների գայթակղությունը, անաշխատ, արագ եկամուտ ձեռք բերելու մարդկային գայթակղությունը, և երբ պաշտոններ ստանձնում են արժեհամակարգ չունեցող և բարեվարքության ցածր ցուցանիշ ունեցող անձինք, կոռուպցիոն վարքը դառնում է անխուսափելի: Մյուս կողմից էլ՝ այսպիսի խոստումներն արվել են այնպիսի պայմաններում, երբ նրանք կոռուպցիոն սխեմաներով գումարներ աշխատելու հնարավորությունից զուրկ են եղել, սակայն երբ հնարավորությունները տրվել են, նոր հասկացել են գայթակղության ուժն ու կամքի բացակայությունը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեշնլիը» զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել:

 Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կամքը ոչ մի միլիմետր չի նվազել, հակառակը՝ ավելացել է:

Աղբյուրը՝ Aysor.am

14:04 01.02.2024

Ամենաշատ ընթերցվածները