ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

««Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության համար լարվածությունը կարող է միանգամից սրվել». Շիրազ Խաչատրյան.168.am
20:16 02.02.2024

««Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության համար լարվածությունը կարող է միանգամից սրվել». Շիրազ Խաչատրյան.168.am

Բրյուսելում հունվարի 29-ին տեղի էր ունեցել ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որի շրջանակում պարզ դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ն խոստանում է Տրանսկասպյան միջանցքում 10 մլրդ եվրո ներդրում անել:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում 168.amը փորձել է հասկանալ, թե որքանո՞վ է սա հատվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի, «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների հետ, հատկապես, երբ ադրբեջանական կողմը հասցրել է սա մեկնաբանել, թե Հայաստանի՝ Արևմուտքի հետ կապված հույսերն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առումով հօդս ցնդեցին:

– Տեսեք, ձեր նշած ճանապարհային քարտեզները՝ և՛ Տրանսկասպյան միջանցքը (Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան), և՛, այսպես ասած, «Զանգեզուրյան միջանցքի» պրոյեկտը խիստ անհրաժեշտ են նախևառաջ Արևմուտքին, որոնք ներկա պահին քիչ թե շատ «անվտանգ» երթուղիներ կարող են լինել իրենց համար արևելքից դեպի արևմուտք՝ լոգիստիկ, էներգետիկ ուղիների առումով, քանի որ Մերձավոր Արևելքում այնպիսի աշխարհաքաղաքական փոթորիկ է, նաև Կարմիր ծովում, որ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող տրանսպորտային երթուղիների գրեթե քիչ անվտանգ տարբերակներ են մնացել:

Այսինքն, հաղորդակցման ուղիների դիվերսիֆիկացիայի խնդիր կա, այդ ուղիների վերահսկողության հաստատման համար բաց պայքար է գնում մեծ խաղացողների միջև, և հատկապես «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության համար լարվածությունը կարող է միանգամից սրվել։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, քանի որ, այսպես ասած, Տրանսկասպյան միջանցքն արդեն շրջանցում է Ռուսաստանը, և այդ «Միջին միջանցքի» համագործակցության շրջանակն Արևմուտքի, հատկապես Թուրքիայի ջանքերով փորձ է արվում ավելի ընդլայնել, այդ իսկ պատճառով Թուրքիան Հայաստանին մեկ անգամ չէ, որ փորձում է «համագործակցության» հրավիրել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և ավտոմատ՝ Ռուսաստանի հարավային սահմանների շուրջ վակուումը մեծացնել։ Պարզ է, թե ինչ աննախադեպ լարվածություն է առաջացել տարածաշրջանում, որտեղ ամեն մեկն իր շահերն է հետապնդում։ Եվ ադրբեջանական կողմի մեկնաբանություններն ու հայտարարությունները, թե Հայաստանն Արևմուտքի հետ չպետք է շատ հույսեր կապի, ցինիկ են, բայց ճշմարտացի։

– ՆԱՏՕ-ն այդպես էլ չդատապարտեց Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմին, ավելին՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ չի կարող մտնել դաշնակիցների արտաքին քաղաքական որոշումների մեջ՝ ընդգծելով, որ Թուրքիան շատ կարևոր դաշնակից է, քանի որ սահմաններ ունի տարածաշրջանում, և դրանով իսկ առանցքային դերակատարում ունի Հարավային Կովկասում: Եվ ՆԱՏՕ-ում այն կարծիքին են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն, ըստ Ձեզ՝ հատկապես ի՞նչը նկատի ունեն:

– ՆԱՏՕ-ն չդատապարտեց Թուրքիային 44-օրյա պատերազմի համար, քանի որ նաև Արևմուտքի լուռ համաձայնությամբ են տեղի ունեցել այդ պատերազմական գործողությունները, ՆԱՏՕ-ի կազմում երկրորդ խոշոր բանակ ունեցող Թուրքիային հավաքական Արևմուտքի կողմից տրվել էր լայն լիազորություններ այդ պատերազմն ուղիղ ձևով կառավարելու, տարածաշրջան ներխուժելու համար։ Եվ տեսանք, թե ինչ կատարվեց։ Հարկավոր է ճիշտ գնահատել գեոպոլիտիկ տեղաշարժերը, և որքան էլ ասենք, թե Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր ոլորտներում սերտ համագործակցում են, այնուամենայնիվ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, այդ ռազմաքաղաքական դաշինքի կարևոր ներկայացուցիչն է, փաստացի Արևմուտքը՝ որպես հավաքական ռազմաքաղաքական միավոր, մեր տարածաշրջանում ներկա է ավելի շատ Թուրքիայի դեմքով, նրա միջոցով։

Բացի այդ, ներկա պահին որքան էլ Թուրքիան ռուս-ուկրաինական, նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններով պայմանավորված՝ փորձում է օգուտներ քաղել, միևնույն է՝ ըստ միջազգային փորձագիտական լուրջ վերլուծությունների, Թուրքիան տնտեսական լրջագույն խնդիրներ ունի, և նրա կախումն Արևմուտքից ավելի է մեծանում։ Ու Թուրքիան, որքան էլ փորձի անկախ խաղալ, միևնույն է՝ ավելի շատ խաղալու է արևմտյան սցենարներով։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ում այն կարծիքին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերի միջև համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն, ու այդ հարաբերությունների կարգավորման «քավորությունն» ավելի շատ Թուրքիայի վրա է դրված։

Այսինքն, խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, «Զանգեզուրի միջանցքի» բացման, տարածաշրջանում ռուսական ներկայության թուլացման, երկարատև պլաններում՝ տարածաշրջանից դուրսմղման մասին է:

– ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստան-Իրան-Հայաստան հարավային ռազմական բլոկ պետք է ստեղծել, ինչը թույլ կտա Հայաստանին լինել անձեռնմխելի, հակառակ դեպքում՝ եթե երրորդ երկրներ մտան տարածաշրջան, Սյունիքն էլ ենք կորցնելու, հատկապես, երբ հայկական կողմից պաշտպանական ոչ մի ծրագիր, ոչ մի միջոց չի ձեռնարկվում: Դուք հաճախ եք լինում Սյունիքում, առաջնագծում, թույլատրելի սահմանում ի՞նչ կասեք պաշտպանական միջոցների և նախկին նախարարի առաջարկի մասին: Ի վերջո, նման դեպքում պետք է շահերի համընկնում լինի, այսօր որքանո՞վ է Հայաստանի շահը համընկնում Իրանի և Ռուսաստանի շահերի հետ, կամ՝ հակառակը:

– Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ Հայաստանը չպետք է գնա արկածախնդրությունների ճանապարհով, ես այս իշխանությունների անկանոն ու անտարամաբանական քայլերի վրա չեմ զարմանում, ես զարմանում եմ այն մասնագետների ու գործիչների վրա, որոնք պնդում են, որ այս տարածաշրջանում կա, այսպես ասած, արևմտյան մեծ հեռանկար։ Դա պարզապես անմտություն է։

Այս տարածաշրջանում դարեր շարունակ եղել են և մինչև օրս գործում են երեք խոշոր խաղացողներ՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Այս տարածաշրջանում ուղիղ իմաստով հարցերը լուծվում են այս երեք խոշոր խաղացողների միջոցով, որքան էլ, օրինակ, Թուրքիայի թիկունքում այլ՝ ավելի խոշոր խաղացողներ կանգնած լինեն։ Եվ եթե այսօր մենք մեզնից վանում ենք Ռուսաստանին, Իրանի հետ զուտ տնտեսական համագործակցության շրջանակներով ենք սահմանափակվում, իսկ երբ մեր երկրի ղեկավարի կողմից ամենաբարձր մակարդակով ասվում է, թե ՀՀ անվտանգային ոլորտի հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացման ենթարկվեն, առնվազն հարցեր է առաջանում ինձ ու շատ մասնագետների մոտ։

Եթե նրա ասելիքը դիտարկում ենք մեզ մոտ արևմտյան անվտանգային որևէ համակարգի ներգրավման տեսանկյունից, ապա այդ հեռանկարի ուղիղ հոմանիշը դեպի Թուրքիա գնալն է, որովհետև, ինչպես նախորդ հարցադրման մեջ պատասխանեցի, արևմտյան երկրների անվտանգության թիվ մեկ համակարգ հանդիսացող ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում ներկայանում է Թուրքիայի դեմքով։ Եվ այն, որ Հայաստանի հարավը, Սյունիքն այդ խաղացողների ուշադրության կենտրոնում է, իսկ այդ ուղղությամբ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքն ակներև է, դրա մասին երկրորդ խոսք լինել չի կարող։ Իսկ թե մարզի պաշտպանությանը միտված ինչ միջոցներ ու ծրագրեր են ձեռնարկվում, ես տեղեկություններ չունեմ։

– Ի դեպ, մեզ ձեռնտո՞ւ են երկկողմ բանակցությունները, թե՞ միջնորդավորված՝ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին, և ո՞վ պիտի լինի միջնորդը, կամ ովքե՞ր: Իսկ գուցե զգալի տարբերություն չի՞ լինի։

– Հերթական ծուղակն է, «խաղաղության պայմանագրի» ճանապարհը երկար է, ոլոր-մոլոր, և այդ ճանապարհին մենք ենք անընդհատ ինչ-որ բան կորցնում։ Փաստն այն է, որ մեր իշխանությունները շարժվում են ադրբեջանական կողմի քմահաճույքներով, այսօր Ադրբեջանին ձեռնտու է երկկողմ բանակցությունների օրակարգով շարժվել՝ խուսափելով այս կամ այն խաղացողի ճնշումից, ապա իրենց խաղն ենք խաղում, ձեռնտո՞ւ է միջնորդավորված բանակցություններ՝ մեզնից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, այդ ձևաչափով են փորձում գործել իշխանությունները։

Այսինքն տարբեր սցենարներում մենք միշտ կորցնողի դերակատարություն ենք ստանձնել։ Թե ինչո՞ւ է Հայաստանն ամեն անգամ հեշտությամբ համաձայնում Բաքվի առաջարկներին, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հաշվարկներ են դրված այդ ամենի հիմքում, ես չեմ կարող ասել, բայց այն, որ հնարավոր համաձայնությունների գալու պարագայում պետք է լինեն միջնորդ դերակատարներ, երաշխավորներ, դա փաստ է: Այդ պարագայում նաև քո դիվանագիտական մանյովրներն է շատանում, պրոցեսը փակուղի մտցնողի վրա միջնորդ խաղացողների օգնությամբ կարող ես տարբեր լծակներ կիրառել, բերել պայմանավորվածությունների դաշտ։ Այո, բանակցությունների ֆորմատների մեջ տարբերություն կա, և ըստ իս՝ երկկողմ բանակցությունները շատ ռիսկային կարող են լինել մեզ համար։

– Հունվարի 31-ին սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումն է տեղի ունեցել Իջևան-Ղազախ հատվածում: Ավելի վաղ Ալիևն ասել էր, որ օրակարգում լինելու է Տավուշի գյուղերի վերադարձի հարցը, սակայն հանդիպումից հետո փակագծեր, մեծ հաշվով, չեն բացվել:

– Իմ հիշելով, սա հանձնաժողովների թվով 6-րդ հանդիպումն էր։ Պաշտոնական հաղորդագրություններից արդեն պարզ էր, որ կողմերը մանրամասներ չեն հայտնում, նույնաբովանդակ ու սուղ տեղեկություններ են միայն հանդիպման վերաբերյալ։ Ամեն դեպքում մտահոգվելու շատ բան կա, որովհետև Բաքուն մշտապես հայտարարում է, որ ներկա իրավիճակի հետ համաձայն չէ, և տարբեր ֆորմատի բանակցություններում նոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին, իսկ հայկական կողմը մշտապես բավարարում է ադրբեջանական ախորժակը, մինչ այս պահը բազմաթիվ փաստերը դրա մասին են վկայում։ Բաքուն իր ձեռագիրը չի փոխում, կարողանում է հմտորեն ամեն անգամ նոր օրակարգով, նոր պահանջներով հանդես գալ, իսկ հայկական կողմն էլ տրվում է այդ օրակարգին։ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ արդեն իսկ այս իշխանությունների հրապարակային խոսույթն է մտահոգիչ, երբ հայկական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնում քննարկել, զիջել այս կամ այն տարածքը, բայց Ալիևի կողմից առհասարակ որևէ զիջման մասին չի խոսվում։

– Նիկոլ Փաշինյանը բանակի օրը կրկնեց Ադրբեջանին ուղղված առաջարկները՝ զորքի հետքաշում, սահմանի ապառազմականացում, սպառազինության վերահսկման երկկողմ պայմանագիր, չհարձակվելու պայմանագիր, վերջինը նորություն էր:

– Չեմ պատկերացնում, թե ինչ պատկեր ենք ունենալու սահմանային գծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագծի ապառազմականացման դեպքում։

Նախ եկեք շրջանցենք այն փաստը, որ ադրբեջանական կողմը զորքերի հայելային հետքաշման մտադրություն չունի: Մեկ անգամ չէ, որ Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը չեն հեռանա 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին օկուպացրած իրենց դիրքերից։

Լավ, ենթադրենք՝ հայելային կարգով հետքաշում է տեղի ունենում մեզ հայտնի սահմանային բոլոր հատվածներում, ապա մեր հանրապետության բազմաթիվ բնակավայրեր ուղղակի հայաթափվելու են, որովհետև դրանք գտնվում են սահմանագծից մի քանի հարյուր մետր կամ 1 կմ հեռավորության վրա։ Եթե պատկերացնում եք Տավուշի գյուղերի դիրքերը, Նախիջևանի սահմանային մեր գյուղերի հատվածը, Սյունիքի գյուղերը, Գեղարքունիքի գյուղերը, ապա սահմանագծի ապառազմականացումը ենթադրում է, որ տվյալ տարածքներն իրենց վարելահողերով, արոտավայրերով՝ ոչ միայն վերածվելու են չեզոք բուֆերային գոտիների, այլև զորքերի հետքաշումից որոշ ժամանակ հետո կտրուկ մեծանալու են ադրբեջանական զորքերի, մոբիլ ստորաբաժանումների կողմից այդ տարածքների խորքեր ներխուժելու և նոր օկուպացիայի ռիսկերը։ Ստացվում է, որ այս իշխանություններն իրենք իրենց քայլերով Հայաստանին նոր տարածքային կորուստների առաջ կարող են կանգնեցնել։ Երևի եղած աղետալի վիճակը քիչ էր։

– Մի քանի օրից Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու, դրանց ընդառաջ և դրանից հետո ի՞նչ սպասել սահմանին:

– Կարծում եմ՝ մինչև ընտրություններ, այս կարճ ժամանակահատվածում քիչ է հավանականությունը տարածաշրջանում գեոպոլիտիկ լուրջ փոփոխությունների, ինչն ուղղակի կարող է ազդել նաև սահմանային իրավիճակի վրա։

Իսկ ընտրություններից հետո, համոզված եմ, Ալիևն անցնելու է իր հին ձեռագրին, և ըստ իս՝ նոր սահմանային սրացումներն անխուսափելի են լինելու։

Աղբյուրը՝ 168.am

20:16 02.02.2024

Ամենաշատ ընթերցվածները