ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Նիկոլի տարբերակը բերելու է պետականության փլուզմանը, ընդ որում՝ շատ արագ, անսպասելի արագ»․ Վահե Հովհաննիսյան
13:11 07.02.2024

«Նիկոլի տարբերակը բերելու է պետականության փլուզմանը, ընդ որում՝ շատ արագ, անսպասելի արագ»․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է ․

«Ինքնակամ Աուշվից կամ ներքին առողջացում

Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում

Ադրբեջան. Ալիևը վերջերս հրապարակային խոսքով դիմել է իր երկրում հանրային տրամադրություններ ձևավորող էլիտաներին՝ գիտնականներ, սոցիլիոգներ, գրողներ՝ առաջարկելով մշակել գաղափարներ՝ նոր ազգային իդեաների ձևավորման համար։ Ալիևը համարում է, որ Ադրբեջանի համար սկսվում է սկզբունքային-պատմական նոր փուլ, որը պահանջում է նոր ազգային գաղափարներ, նոր տեսլականներ։

Վրաստան. Վարչապետի նոր թեկնածու Ի. Կոբախիձեի ծրագիրը, որը ներկայացվել է հասարակությանը, կոչվում է «Եվրոպական պետության կառուցման համար»։ Ազգային խնդիրներն էլ ձևակերպված են հստակ՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն, միաժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, Աբխազիայի և Օսիայի վերադարձ՝ խաղաղ ճանապարհով։

Իրան, Թուրքիա. Լրիվ այլ, ծանր քաշային կատեգորիայի պետություններ են, իրենց` դարերով անփոփոխ ստրատեգիաներով և շահերով, ու դարերի ընթացքում միլիմետր չեն շեղվում դրանցից կամ զիջում դրանք։

Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բան մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ։ Ոչ մի ազգային տեսլական, ոչ մի ստրատեգիական պատկերացում։ Ոչ թե «թուրքի» կամ «ռուսի» մեղքով, այլ՝ հենց սրա պատճառով է, որ մենք այսքան կազմաքանդված ու անհեռանկար վիճակում ենք այսօր։

Մեծ հաշվով, այսօր կա երկու «ազգային տեսլական»։ Մեկը դնում է Նիկոլը. այն պայմանականորեն կարելի է կոչել ինքնակամ Աուշվիցի կոնցպեպտ՝ հանձնվենք, ամեն ինչ զիջենք, գուցե կապրենք, գուցե՝ ոչ, աներաշխիք։ Մյուսը Միքայել Սրբազանի «հիվանդ ժողովրդի» կոնցեպտն է, որի առանցքում պետության էությունը չհասկանալու ախտն է։

Նիկոլի տարբերակը բերելու է պետականության փլուզմանը, ընդ որում՝ շատ արագ, անսպասելի արագ։ Սրբազանի կոնցեպտը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, բայց այն չի պարունակում բուժման ոչ պրոցեսը, ոչ տարբերակները։

Հայաստանի այսօրվա կարևորագույն խնդիրը հետպատերազմյան վերականգնումն է, որը թույլ կտա դուրս գալ ազգային և պետական խոր ճգնաժամից։ Այստեղ են պետք նոր գաղափարներ, նոր պատկերացումներ, նոր տեսլականներ։ Այստեղ նուրբ սահման կա՝ էմոցիաների և ռացիոնալ մտածողության։ Էմոցիան տեղ չպետք է ունենա, նրան պետք է փոխարինի երազանքը, իսկ մնացածը սառը, ռացիոնալ պետական մտածողությունն է։

Հենց սա է, որ մենք չենք առաջարկում մեր ժողովրդին, թեկուզ՝ հոգնած, թեկուզ՝ հիվանդ, թեկուզ՝ անհուսության մեջ գտնվող։ Առաջարկենք, ու դա կլինի բուժման պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա։

Ո՞վ կամ ովքե՞ր դա պետք է անեն. ոմանց թվում է, թե վերջապես կգտնվի մեկը, ու կասենք՝ հենց սրան էինք սպասում, ու կկարգենք նոր լիդեր։ Չի լինելու նման բան, հնարավոր չէ նման բան։

Հայաստանի այսօրվա ազգային իդեան հետպատերազմյան վերականգնում է, որը ենթադրում է իրավիճակի կայունացում, ներքին առողջացում, ժամանակակից պետության կառուցման հիմքեր և ազգային խնդիրների պաշտպանություն։ Հիմա սրա մշակողը չկա, կրողը չկա, քարոզողը չկա, բա ի՞նչ ենք ուզում այս ժողովրդից, բա ո՞նց բուժվի։

Դրա համար էլ այս աննորմալ վիճակում ո´վ ինչպես կարողանում է՝ իրեն պահում է. մեծ մասը փակվել է տներում և անհաղորդ է կատարվողին, մի զգալի մաս Գրին Քարտի վրա է նստած, մնացածն էլ՝ տարբեր ձևերով։

Լուծումը միակն է

Ներքին հաշտության իդեայով պետք է գնալ նոր խոշոր առաջնորդության ձևավորմանը, որի ռեսուրսը կա՝ անհատներ, եկեղեցի, բանտեր՝ Բաքվի ու Երևանի։ Ռադ անել էս գլխից պաշտոն ու կարգավիճակ ուզողներին, դատարկ ամբիցիաներով շարժվողներին, պարզ խոսել ու հասկանալ, թե ո´վ է խանգարում կոնսոլիդացիոն պրոցեսներին։ Տեսանելի ժամանակահատվածում մշակել «Հետպատերազմյան վերականգնման հիմնական դրույթները», սկսել գրագետ աշխատել՝ ողջ Հայաստանով, ողջ հայկական աշխարհով, ողջ տարածաշրջանում, դաշնակիցների ու միջնորդների հետ»։

13:11 07.02.2024