ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հարված քաղաքացու գրպանին, կամ ինչ հետևանքներ կունենա փաստաբանների նոր հարկային բեռը․ 168.am
17:04 07.02.2024

Հարված քաղաքացու գրպանին, կամ ինչ հետևանքներ կունենա փաստաբանների նոր հարկային բեռը․ 168.am

Հայաստանի փաստաբանական համայնքը մտահոգված է Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ, որով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 %` ներկայիս 5 %-ի փոխարեն (կրկնապատկել շրջանառությունից առաջացող հարկային բեռը), իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից՝ բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Փաստաբանների պալատից նախագծին հակադարձեցին հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր. «Փաստորեն, Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 % ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 %:

Հատկանշական է, որ Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով հարկային խստացումների մասին 168.am-ի դիտարկումներին և հարցին՝ արդյո՞ք այդ խստացումները տնտեսական բացասական միտումների մասին իշխանությունների կանխատեսումների հետևանքն են՝ պատասխանեց հիշեցմամբ.

«Դեռ տարիներ առաջ որոշում կայացվեց հարկային ճեղքի մեղմման վերաբերյալ, և դրա շրջանակներում նախատեսվել էր մի շարք գործունեության տեսակներ տեղափոխել ավելացված արժեքի հարկման դաշտ:

Դեռ այն ժամանակ առաջ քաշվեց նախագիծը, որ փաստաբաններն ու նոտարները պետք է գործեն ընդհանուր հարկման ռեժիմով, այսինքն՝ պետք է վճարեն 20 տոկոս ԱԱՀ, 18 տոկոս շահութահարկ՝ ներկայիս 5 տոկոս շրջհարկի փոխարեն, սակայն հանրային ճնշման տակ հետ կանգնեցին այդ որոշումից, ու կարծեք նորից այդ նախագիծն են բերել այժմ»:

Տնտեսագետը նկատեց, որ նախորդ անգամ այդ նախագծի համար հանրային լսումների ժամանակ պաշտոնական շրջանակներից առաջ էր քաշվում անհասկանալի մի հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է պետությունը փաստաբանական ծառայությունից օգտվողների՝ հանցանքի համար մեղադրվողների համար հարկային բարենպաստ ռեժիմ ապահովի:

«Նույն տրամաբանությամբ կարող են ասել՝ քանի որ կան ծույլ ուսանողներ, եկեք կրթությունը ևս ԱԱՀ հարկի դաշտ տեղափոխենք, և կստացվի, որ բոլոր ոլորտներում 30-40 տոկոս ծառայությունների վճարների աճ կունենանք»,- հեգնանքով հավելեց նա:

Սուրեն Պարսյանը նաև ընդգծեց՝ փաստաբանական գործունեության կամ ծառայությունների մատուցման առանձնահատկությունն այն է, որ այստեղ հաշվանցվող ավելացված արժեքի հարկ չկա (այլ կերպ ասած՝ փաստաբանը չի գնում տարբեր ապրանքներ, որոնց մեջ կա ԱԱՀ, որ հետագայում կարողանա իր ԱԱՀ-ից նվազեցնի և քիչ հարկ տա). հիմնական պրոդուկտը ծառայություն մատուցելն է՝ իր գիտելիքը, փորձառությունը, ինքն այլ ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու կարիք չունի:

Ասել է թե՝ այս նոր հարկային բեռի հնարավոր ընդունումն ուղղված է հենց քաղաքացու գրպանին. «Առանց այն էլ այս ծառայությունները մեր քաղաքացիներից շատերի համար հասանելի չեն՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական վիճակը, այժմ այդ ծառայություններն էլ ավելի են թանկանալու»:

Ի դեպ, մասնագետի գնահատմամբ՝ պետական բյուջեի եկամուտների ապահովման նոր աղբյուրների փնտրտուքն այս քաղաքականությունը կտարածի նաև առողջապահական ու կրթական ոլորտների վրա:

«Իրենց հիմնավորումն այն է, որ, օրինակ, առողջապահական ու կրթական ծառայությունները հարկենք ԱԱՀ-ով, կգա բյուջե, իսկ բյուջեից պետական աջակցություն կտրամադրենք կոնկրետ բուհերի կամ առողջապահական հիմնարկների:

Այս ամենի հիմնական պատճառն այն է, որ իրենք լավ գիտակցում են՝ 2022-23 թթ. բարեբեր տարիների միտումներն ուշ թե շուտ ավարտվելու են, և մոտակա ժամանակաշրջանում նրանք եկամուտների հավաքագրման լրջագույն խնդրներ են ունենալու, հետևաբար, փորձում են լրացուցիչ հարկային մուտքեր ստեղծել տարբեր ուղղություններից: Հակառակ դեպքում՝ նրանք չեն կարողանա պետական բյուջեի եկամտային մասն ապահովել. Օրինակ, այս տարի նախատեսել են ծախսել 3 տրիլիոն դրամ, հավաքագրել՝ 2.6 տրիլիոն, ինչը մեծ ցուցանիշ է, ու եթե արտաքին գործոնները թուլանան կամ վերանան, ապա բավականին լուրջ փաստի առջև են կանգնելու՝ չկարողանալով պլանավորված հարկային եկամուտներն ապահովել»,- ամփոփեց տնտեսագետը:

Աղբյուրը՝ 168.am

17:04 07.02.2024

Ամենաշատ ընթերցվածները