Քաղաքական
«Մարդկանց դարձնում են գործազուրկ. Փաշինյանը խոսում է տնտեսական աճից, բայց իր տնտեսության վիճակը տեսե՞լ է». Հակոբ Ավետյան․ 168․am
Այսօր վաղ առավոտից վարդենիսցիները փակել են Վարդենիս-Երևան ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Վարդենիսում չփակեն անձնագրայինը, դիահերձարանը, նշելով, որ այդպիսով իշխանությունները հայաթափելու են Վարդենիսի ամբողջ շրջանը։
168.am-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ զբաղվածության պատճառով բողոքի ակցիային այսօր չի մասնակցում, սակայն կողմ չէ, որպեսզի անձնագրայինը փակեն, քանի որ սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում սահմանին ապրող բնակչի համար։
«Պատկան մարմիններն ասում են, որ Վարդենիսի համայնքապետարանում պատուհան է լինելու, որտեղ բնակիչները կարող են դիմել անձնագրայինի հարցով։ Բայց միևնույն է՝ անձնագրային բաժանմունք փակելը ճիշտ չէ։ Դրա հետևանքով աշխատատեղեր են փակվելու։ Նիկոլ Փաշինյանը խոսում է տնտեսական աճից, բայց ինքն իր տնտեսության վիճակը տեսե՞լ է, բյուջեում երկու կոպեկ են տեսնում, ասում են՝ տնտեսական աճ»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Նա մտավախություններ ունի, որ Վարդենիսում մարդիկ դառնալով գործազուրկ, կարող են հեռանալ Հայաստանից։ Չպետք է այնպես անեն, որ նպաստեն արտագաղթին։
«Մենք մտավախություն ունենք, որ իշխանությունները կարող են ադրբեջանցի «փախստականներին» բերեն ու բնակեցնեն Վարդենիսում»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այսօր Վարդենիսում ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու, քան անձնագրայինի բաժինը փակելու հարցն է, օրինակ, անվտանգության խնդիրները։
«Ալիևն ինչ հայտարարում՝ այն էլ անում է, իհարկե, մենք Վարդենիսում, նաև ամբողջ Հայաստանում անվտանգային լուրջ խնդիրներ ունենք, կարող են դրանց անդրադառնալ»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։
Աղբյուրը՝ 168.am