ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս». Զատուլին
17:06 14.02.2024

«Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս». Զատուլին

Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Lenta.ru-ի հետ զրույցում նա արձագանքել է հայ-ադրբեջանական վերջին սրացմանը, խոսել նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Պատգամավորի խոսքով՝ առճակատման նոր դրվագը հերթական անգամ մեծացնում է լարվածությունը։

«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել: Բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա դարձրել է ուժի և վրեժի դրսևորման պատրվակ և այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածությունների հասնելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս։

Զատուլինը նաև ենթադրել է, որ ըստ ամենայնի, կողմերը շատ հեռու եք Անդրկովկասում իրական խաղաղության հաստատումից:

«Միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակներն են, չեն հանգեցնում խաղաղության, այլ նոր հակամարտությունների և առճակատման դրվագների սերմեր են դնում», – եզրափակել է պատգամավորը։

Աղբյուրը՝ 168.am

17:06 14.02.2024