ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Վտանգի նախազգուշացում և համատեղ անելիք»․ Էդգար Էլբակյան
14:42 28.02.2024

«Վտանգի նախազգուշացում և համատեղ անելիք»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

«1941 թ․ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետ գեներալ Վասիլի Տուպիկովը հեռագրեց կենտրոն․ «Վերահաս աղետը, որի մասին, կարծում եմ, գլխի եք ընկնում, հաշված օրերի հարց է»։ Նա նկատի ուներ, որ սովետական զորքերը դատապարտված են հարյուր հազարներով շրջափակման մեջ ընկնելու, ինչից խուսափելու համար առաջարկում էր ժամ առաջ զորքերը հետ քաշել բարենպաստ բնագիծ։ Շտաբային հրամանատարությունը հավուր պատշաճի չընդունեց վտանգի մասին Վ․ Տուպիկովի նախազգուշացումը, այն համարեց «պանիկյոռություն» և կոչ արեց սառնասրտության։ Մինչդեռ Վ․ Տուպիկովն իրավացի էր․ երկու օր անց՝ սեպտեմբերի 15-ին, գերմանացի գեներալներ Հայնց Գուդերիանի և Ֆոն Կլեյստի տանկային աքցանները միավորվեցին Լոխվիցե գյուղի հատվածում՝ շրջափակման մեջ թողնելով սովետական միանգամից 4 բանակներ, այդ թվում՝ ռազմաճակատի հրամանատարությանը։

Սկսյալ 2018 թ․-ից՝ ես և գործընկերներս անընդհատ զգուշացրել ենք վերահաս աղետի մասին՝ բացատրելով նաև այդ հարցում անցյալի, ներկայի և ապագայի միջև պատճառահետևանքային կապերը։ Այսպես՝ 2019 թ․ հունվարի 7-ին, երբ շատերն անհոգ կերպով նոր տարի էին նշում, ես զգուշացնում էի վերահաս պատերազմական վտանգի մասին՝ խոսքս ավարտելով հետևյալ տողով․ «Եթե սովետական Կարմիր բանակի թիկունքում Մոսկվան էր, ապա մեր թիկունքում ոչ թե Ստեփանակերտն է, ոչ թե Բերձորն ու Երևանն են, այլ ամբողջ Հայաստանը»։ Այս ամբողջ ընթացքում մեր ասածները ևս համարվում էին չափազանցություն, «պանիկյոռություն», հոռետեսություն և այլն։ Մյուս կողմից՝ չէի ասի, թե այսօրինակ նախազգուշացումներն ամբողջովին անհետևանք են անցել։ Բնավ։ Վտանգի մասին հետևողական նախազգուշացումները, հատկապես՝ իրականանալուց հետո բերել են նրան, որ ավելի շատ մարդկանց են օգնել՝ գտնելու ճշմարտությունը, «… և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ․ 8։32)։

Ցավոք, սակայն, այդօրինակ զգուշացումները չօգնեցին կանխելու կամ բնում խեղդելու արհավիրքների սկզբնապատճառը, այն է՝ Հայաստանի գրավումը թուրքական իշխանության կողմից։ 2018 թ․-ից հետո տեղի ունեցած ոչ մի չարիք, ոչ մի արհավիրք առանձին վերցված ինչ-որ պատահար չէ՝ լինի դա Սփյուռքի նախարարության և գյուղատնտեսության նախարարության փակումը, Արցախի ժամանակավոր անկումը, բանակի կազմաքանդումը, թե Երևանի գերբնակեցումն ու օտարաբնակեցումը՝ ի հաշիվ մարզերի հայաթափման։ Սրանք բոլորը իրար կպած օղակներն են մեկ ընդհանուր շղթայի, որ կոչվում է թուրքերի կողմից Հայաստանի ոչնչացում։

Արհավիրքների այս ընթացքն այժմ վճռական փուլ է մտել՝ նպատակ ունենալով կյանքի կոչել այն, հանուն ինչի տեղի է ունեցել 2018 թ․-ի իշխանազավթումը։ Իսկ դա Հայաստանը վերջնականապես զրկելն է դաշնակիցների ու շահակիցների վերջին փշրանքներից և թուրքական յաթաղանի անհամաչափ վտանգի պայմաններում հայաթափելն ու Թուրքիայի ծայրագավառ դարձնելը։ Այս ամենը հեռահաղորդակցային տեխնոլոգիաների դարաշրջանին բնորոշ քարոզչական ցինիկությամբ փաթեթավորվում է՝ որպես «պայքար ինքնիշխանության համար»՝ մոռացության տալով, որ ինքնիշխանության հղացքը ծագել է տարածքի հանդեպ լիակատար իշխանություն ունենալու գաղափարից, հետևաբար՝ չկա ճշմարիտ ինքնիշխանություն առանց տարածքի կամ տարածք հանձնելով։

Իսկ այս լուսանկարում գեներալ Վ․ Տուպիկովի հուշաքարն է Կիևում, որ պաշտոնապես ոչնչացվել է 2022 թ․ հուլիսի 5-ին։ Պետականորեն վանդալիզմի ենթարկված այս հուշաքարը ինքնիշխանության հղացքը չհասկացած ևս մեկ երկրի պատկերն է։ Եվ խոսքն այն մասին չէ, որ ես հերքում եմ 1991 թ․-ից հետո անկախ Ուկրաինայի գոյության իրավունքը։ Ես հերքում եմ այն, որ ուրիշների ձեռքին գործիք դառնալը, հանուն ուրիշների շահերի բնականորեն բարիդրացիական և շահակից երկրներին թշնամի դարձնելը և տարածք կորցնելը կարող են համարվել ինքնիշխանության դրսևորում։ Դրանք ոչ թե ինքնիշխանության դրսևորում են, այլ օտարների դրածո էլիտա ունենալու, ինչի զոհն են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան։

Այս տեքստը գրող և կարդացող յուրաքանչյուր անձիս պարտականությունն է ուժերի գերագույն լարումով հասնել նրան, որ Հայաստանում վերստին ձևավորվի և իշխանության հասնի հայկական ազգային էլիտա։ Իսկ դա հնարավո՛ր է»։

14:42 28.02.2024