ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Ագրո-Բիո Պրոդուկտ» ՍՊԸ
17:15 14.09.2017

«Ագրո-Բիո Պրոդուկտ» ՍՊԸ

«Ագրո-Բիո Պրոդուկտ» ՍՊԸ-ն արդեն 1.5 տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում Կապանում: 2013թ-ից սկսած՝ իրականացվել են թռչնաբուծական ֆաբրիկայի շինարարական աշխատանքները: Նախաձեռնությունն ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանինն է:

Ընկերությունը զբաղվում է մսատու թռչունների բուծմամբ և թռչնամսի արտադրությամբ: Բարձր համային և որակական հատկանիշների շնորհիվ թռչնաբուծական ֆաբրիկան կարճ ժամանակում հասցրել է սիրվել հայ սպառողի կողմից:  

Թռչնաֆաբրիկայում գործում է 4 թռչնանոց, որից երեքը բաղկացած է 12,000 ճտից, իսկ 1-ը՝ 4,000: Թռչնաֆաբրիկան խթան է հանդիսանում ինչպես տեղական արտադրանքի զարգացման, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Ագրո-Բիո պրոդուկտ ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հարությունյանի խոսքով՝ բավականին մեծ ներդրումներ են կատարվել թռչաֆաբրիկան աշխատացնելու համար: Նրա տեղեկացմամբ թռչնանոցները հագեցած են գերմանական արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներով ևսարքավորումներով:

Ընկերությունն աճեցնում է կոբ և ռոս տեսակի ճտեր, որոնք ներկրվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից: Արտադրանքը հիմնականում սպառվում է Սյունիքի մարզում, արտահանվում է նաև Վայք, Եղեգնաձոր քաղաքներ:

Արտադրվում է հավի թռչնամիս, ամբողջական հավ, կես հավ, կտրտած, ինչպես նաև հավի թև, բուդ, կրծքամիս, վիզ, մեջք, հավի քարաճիկ, թոք և այլն: Արտադրվում է ինչպես թարմ, այնպես էլ սառեցված վիճակում:

Արմեն Հարությունյանն ընդգծեց, որ սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են, և յուրաքանչյուր մորթ սննդի վերահսկողության վարչությունից հատուկ ներկայացուցիչ է վերահսկում:

«Ագրո Բիո պրոդուկտ» ՍՊԸ-ի մորթման արտադրամասի պետ Արարատ Հարությունյանը նշեց, որ թռչնանոցներում 36-45 օր ճտերին աճեցնելուց հետո ուղարկվում են մորթի արտադրամաս, որտեղ էլ աշխատակիցների օգնությամբ իրականացվում են մորթման աշխատանքները:

Թռնաֆաբրիկան օգտագործում է իր իսկ համակցված կերերի գործարանը, որն էլ նպաստում է թռչունների բնականոն աճին: Ճտերի քանակը տարեկան հասնում է մոտ 600,000-ի:  

Նշենք, որ ընկերությունում գործում են ալրուրի, ինչպես նաև համակցված կերերի արտադրամասեր: Արտադրամասում 1 ժամում ստանում են 8 տոննա համակցված կեր:

Արմեն Հարությունյանի փոխանցմամբ թռչնաֆաբրիկան շարունակում է ընդլայնել արտադրական ծավալները: Նախատեսվում է արտադրանքը հայկական քաղաքներից բացի արտահանել նաև ՀՀ սահմաններից դուրս:  

Թռչնաֆաբրիկայում շուտով կգործի նաև ինկուբատոր:

ՍՊԸ-ն համագործակցում է գերմանական Big Duchman, E.M.F, BDV ընկերությունների հետ:  

Ավելացնենք, որ թռչնաֆաբրիկան ունի 40 աշխատող: 

Սոնա Առաքելյան

Zangezur.tv

17:15 14.09.2017

Ամենաշատ ընթերցվածները