ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան
16:55 15.09.2017

Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան

Այսօր  պոլսահայ լրագրող,  Թուրքիայում հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Նա կդառնար 63 տարեկան:

Դինքը ծնվել է 1954թ. Մալաթիայում: Նա եղել է պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակօսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր կամուրջ էր։

Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում 2007թ. հունվարին 17-ամյա թուրք ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից: Ի հիշատակ Դինքի՝ ավելի քան 200,000 մարդ քայլերթ կազմակերպեց՝ որպես նշանաբան օգտագործելով «Բոլորս հայ ենք», «Բոլորս Հրանտ ենք» վերտառությունները:

Առ այսօր Դինքի սպանության մեջ կասկածվում է ավելի քան մի քանի տասնյակ մարդ: Քննությունը շարունակվում է:

Լուսանկարը՝ HrantDink.org-ի

16:55 15.09.2017