ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին
19:15 15.09.2017

Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: 

Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով:

«Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ ևս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լևոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Նա ոչ միայն ջատագովն էր, այլ նաև մշակն էր այդ գաղափարի, և կարծում եմ, որ նրա գործունեության պսակը դարձավ հենց Հայ-ռուսական համալսարանի հիմնադրումը: 

Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ և այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ և գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ և հմուտ ու մեծ մասնագիտական և քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ և ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել»: 

Շարունակությունը՝ այստեղ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

19:15 15.09.2017