ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Շրջանակային համաձայնագիրը կխթանի ՀՀ-ից գյուղմթերքի արտահանումը ԵՄ
21:15 15.09.2017

Շրջանակային համաձայնագիրը կխթանի ՀՀ-ից գյուղմթերքի արտահանումը ԵՄ

Եվրամիության հետ ստորագրվելիք նոր Շրջանակային համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսին: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը, փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ համաձայնագիրն ավելի կհեշտացնի Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը եվրոպական երկրներ, որը հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը ՀՀ-ում, ինչպես նաև՝ ամրապնդել այստեղի գյուղմթերքի ներկայացումը եվրոպական երկրներում, գրում է Panorama.am-ը։

«Մենք նպատակ ունենք բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, որը հնարավորություն կտա զարգացնել ներքին բիզնեսն, ինչպես նաև բարելավել արտահանման շուկան: Բիզնես միջավայրի բարելավման ուղղություններից մեկը պետական գնումների իրավիճակի բարելավումն է, և այս պայմանագրում մենք ունենք հատուկ պայմաններ և դրույթներ, որը հնարավորություն կտա պետգնումների գործընթացը դարձնել ավելի պարզ, թափանցիկ»,- ասել է պաշտոնյան։

Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարը որպես մեկ այլ կարևոր հարց նշել է մրցակցային միջավայրը.«Մենք այս պայմանագրով նախատեսում ենք բարելավել վիճակն ու ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար ու չպետք է լինեն խաղի այլ կանոններ։ Այս փաստաթղթում հատուկ պայմաններ ենք նախատեսում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների վերաբերյալ, որպեսզի նրանք խաղան նույն պայմաններով, ինչպես՝ շուկայի մյուս խաղացողները»։

Անդրադառնալով մաքսատուրքերի հետ կապված հարցին՝ նա ասել է.«Ինչպես ես արդեն նշել եմ՝ մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ որևէ դրույթ չկա: Սա հիմնված է փաստի վրա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, օգտվում է GSP+-ի արտոնություններից և մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն կամ շատ ցածր մաքսատուրքով են»։

Ենթադրվում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում։

Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ հետ Ասոցացման ու Ազատ առևտրի համաձայնագրերը, սակայն 2013 թվականին՝ ՀՀ ու ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, Երևանը հայտարարեց ԵՏՄ-ին միանալու ցանկության մասին։ Որոշումը բերեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների դադարեցմանը։

Լուսանկարը՝ Shabat.am-ի

21:15 15.09.2017