ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Գերմանիան է՛լ ավելի կսահմանափակի տնտեսական գործակցությունը Թուրքիայի հետ». Մերկել
16:15 16.09.2017

«Գերմանիան է՛լ ավելի կսահմանափակի տնտեսական գործակցությունը Թուրքիայի հետ». Մերկել

Գերմանիան մտադիր է է՛լ ավելի սահմանափակել տնտեսական գործակցությունը Թուրքիայի հետ այդ երկրում կալանքի տակ պահվող հայրենակիցների ազատագրման հասնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում, որն էլ փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Նա իր վրդովմունքն է հայտնել առ այն, որ Թուրքիայի կալանավայրերում մինչ օրս կան Գերմանիայի տասնյակ քաղաքացիներ: «Մենք նրանց հյուպատոսական աջակցություն ենք ցուցաբերել, որքան որ հնարավոր է: Ցավոք, թուրքական կողմը նույնիսկ դա է բարդացնում որոշ դեպքերում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ ԳԴՀ իշխանությունների գնահատմամբ Թուրքիայի կալանավայրերում Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի կա, շատ դեպքերում խոսքը քաղաքական հետապնդման մասին է: Ձերբակալությունների ֆոնին Գերմանիայի իշխանությունները խստացրել են Անկարայի հասցեին հնչող հայտարարությունները: Ակնկալվում է, որ հոկտեմբերին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները պաշտոնապես կկասեցվեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը սառեցրել է Թուրքիա զենքի առաքումների մեծ մասը երկկողմ հարաբերություններում լարվածության աճի պատճառով: 2016թ. նոյեմբերից ի վեր Բեռլինն առնվազն 11 գործարք է սառեցրել, որով Թուրքիային պետք է զենք ու զինամթերք առաքվեր: ԳԴՀ կառավարությունը սկսել է ավելի զգուշավոր լինել այդ հարցում 2016թ. ամռանը Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից և հակառակորդների դեմ նախագահ Էրդողանի դաժան միջոցներից հետո:

Լուսանկարը՝ BusinessInsider.com-ի

16:15 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները