ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանի Անգլիական այգում մեկնարկել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 4-րդ փառատոնը
17:15 16.09.2017

Երևանի Անգլիական այգում մեկնարկել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 4-րդ փառատոնը

Երևանի Անգլիական այգում արդեն 4-րդ անգամ մեկնարկել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, որը կազմակերպվել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Հայաստանի ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրած գյուղմթերքն ինչպես մայրաքաղաքի բնակիչներին, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ինչպես նաև տարբեր երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով բոլոր ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին:

«Մենք արդեն երկար ժամանակ համագործակցում ենք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ և համատեղ ուժերով տարբեր ծրագրեր ենք իրականացրել: Մասնավորապես բերքահավաքի ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կազմակերպում ենք արդեն ավանդական դարձած գյուղատնտեսական շուկաները, որտեղ գյուղացիներն իրենց արտադրանքը վաճառում են միանգամից սպառողին, իսկ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն են ունենում համեմատաբար ցածր գներով ձեռք բերելու թարմ գյուղմթերք»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին փառատոնի կազմակերպման գործում ներդրում ունենալու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների կարևորությունը գյուղատնտեսության զարգացման համար:

«Այս փառատոնի ընթացքում ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունենում ներկայացնելու, թե ինչ արդյունքներ են գրանցել վերջին տարվա ընթացքում, ինչ հաջողությունների են հասել: Այստեղ կա նաև արտադրանք, որն առայժմ հնարավոր չէ գտնել մայրաքաղաքի առևտրային կետերում»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Փառատոնում ֆերմերներն ու գյուղացիները ներկայացել են գյուղմթերքի մեծ տեսականիով՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, մեղր և այլն: Ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու մթերքները, ինչպես նաև դրանք շուկայականից էժան գներով գնելու:

Այս տարի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Հետաքրքիր տաղավարներով ներկայացել էին նաև հարևան Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ, մեծացել էր ցուցահանդես այցելած զբոսաշրջիկների թիվը:

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը, և այս փառատոնը նաև այս տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Այդ իսկ պատճառով միջոցառումային զբոսաշրջության օրացույցում այն արդեն իր ուրույն տեղն է գրավում»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Փառատոնի կազմակերպիչները մեծ ուշադրություն էին հատկացրել նաև օրգանական գյուղատնտեսությանը, որը Հայաստանում զարգացման մեծ հեռանկար ունի:

«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվել է հետաքրքիր համերգային ծրագրով և մանկական զվարճալի խաղերով:

Միջոցառումը կշարունակվի միչև երեկո:

17:15 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները