ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Դպրոցի շնորհալիները» ցերեկույթ՝ Կապանի համար 1 հիմնական դպրոցում
18:15 16.09.2017

«Դպրոցի շնորհալիները» ցերեկույթ՝ Կապանի համար 1 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 15-ին Կապանի համար 1 հիմնական դպրոցի դահլիճում կազմակերպվել էր «Դպրոցի շնորհալիները» խորագրով ցերեկույթ, որին ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտներ, ծնողներ: Միջոցառման նախաձեռնությունը դպրոցի նորանշանակ տնօրեն Լուսինե Զաքարյանինն էր: Ցերեկույթի նպատակն էր ողջունել և հանդիսավոր կերպով շնորհավորել Կապանի համար 1 հիմնական դպրոցի 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմությամբ, ուսման ընթացքում պատասխանատու և սրտացավ վերաբերմունք ցուցաբերած աշակերտներին՝ նրանց շնորհելով գովասանագրեր, պատվոգրեր և շնորհակալագրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լուսինե Զաքարյանը, ով շնորհավորեց աշակերտներին և նշեց, որ գիտելիքները, մարդկային հանճարը մեր ժամանակներում դառնում են յուրաքանչյուր երկրի առաջադիմության ու հզորության կարևորագույն աղբյուրը: Նա երեխաներին կոչ արեց զինվել գիտելիքներով՝ ընդգծելով, որ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է: Տնօրենն ավելացրեց, որ այս միջոցառման հիմնական նպատակն հենց այն է, որպեսզի երեխաները զգան, որ իսկապես գնահատվում են դպրոցում թե՛ ուսուցիչների և թե՛ իրենց ընկերների կողմից:

Միջոցառմանը ներկա էր նաև Կապանի համար 1 հիմնական դպրոցի վաստակաշատ մանկավարժ և փորձառու տնօրեն Հասմիկ Համբարձումյանը, ով 1996-1997 և 2013-2014թթ. ուստարում դպրոցում աշխատել էր որպես տնօրեն: Հասմիկ Համբարձումյանը տնօրենին հանձնեց դպրոցի համար հատուկ գրված օրհներգը, որի հեղինակն է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը, իսկ բառերի հեղինակն է դասվար Լուսինե Բալայանը;

7-րդ դասարանի աշակերտուհի Անաստասիա Հայրապետյանը, ով արդեն 5  տարի է՝ ստանում է գովասանագիր, նշեց, որ իր առջև նպատակ է դրել դպրոցն ավարտել ոսկե մեդալով: Նա հավելեց, որ իր հաջողություններով հպարտանում են և՛ իր ծնողները, և՛ դպրոցի ուսուցիչները:

Դպրոցի աշակերտներից ոմանք, մասնակցելով մի շարք դպրոցական մրցույթների, զբաղեցրել են պատվավոր տեղեր՝ արժանանալով հավաստագրերի:

Դպրոցի աշակերտուհի Իսկուհի Զաքարյանը, ով մասնակցել է «Մեղու- 2016» հայերենի մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի, նշեց, որ առաջին անգամ չէ, որ ստանում է հավաստագիր: Նա ավելացրեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ մրցումներին և բարձր պահել դպրոցի պատիվը:

Միջոցառումն ավարտվեց աշակերտների գեղեցիկ երաժշտական կատարումներով: 

Սոնա Առաքելյան

Zangezur.tv

18:15 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները