ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Անկախ Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ կոնգրեսականների ամենամեծ պատվիրակությունն է այցելել ՀՀ
12:42 18.09.2017

Անկախ Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ կոնգրեսականների ամենամեծ պատվիրակությունն է այցելել ՀՀ

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բացառիկ բարեկամներ են, բարեկամներ, որոնց հարաբերություններն անհրաժեշտ է ամրապնդել»,- ասել է կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը, ում նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան է այցելել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կոնգրեսականը պատմել է առաջիկա այցի և դրա նպատակների մասին: Փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան: Մենք ցանկանում ենք Հայաստանում լինել՝ տոնելու ժողովրդավարության տարեդարձը: Պատվիրակությունը բաղկացած է լինելու ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կոնգրեսականներից, այդ թվում՝ Կոնգրեսում Հայաստանի բարեկամության խմբի մյուս համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրանք Փալոնը, Կալիֆորնիայից իմ գործընկեր, ով նույնպես հայկական արմատներ ունի, կոնգրեսական Աննա Էշուն, Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը, Վիսքոնսինից ընտրված կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները և նույնպես Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Վալադաոն: Այսպիսով՝ բավականին լայն ներկայացուցչական կոնգրեսականների խումբ է:

Ինչ վերաբերում է նպատակներին՝ դրանք բազմաթիվ են: Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում մնացած կոռուպցիայի բոլոր դրսևորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը, և նաև տոնելու երկրում ժողովրդավարության տարածումը և վերջին ընտրությունները: Մենք պատրաստվում ենք ծանոթանալ Հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումներին:

Ճիշտն ասած, մեր օրակարգն այնքան խիտ է, նույնիսկ չեմ պատկերացնում, ինչպես ենք այդ ամենը հասցնելու, բայց մենք անշուշտ ծանոթանալու ենք Հայաստանում զարգացող բազմաթիվ նոր նախաձեռնությունների, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, ծանոթանալու ենք տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երիտասարդների հետ, ուսումնասիրելու ենք կանանց առողջության բարելավման ծրագրերը, հանդիպումներ ենք ունենալու համալսարաններում: Անշուշտ քննարկելու ենք նաև աշխարհաքաղաքական և տնտեսական հարցեր: Երկակի հարկման խնդիրն, օրինակ, լուրջ խոչընդոտ է հենց ամերիկացիների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվել:

Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարևոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքին, զգալ, շոշափել այն, ճաշակել հայկական ուտեստները Հայաստանում: Շնորհակալ ենք նաև Հայաստանի նախագահին մեզ ճաշի հրավիրելու համար:

Այսպիսով՝ մենք կհաստատենք այդ զգացական կապը: Համոզված եմ՝ մեր ծնողները հպարտ կլինեին՝ տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելել:

Քաղաքական տեսանկյունից մեզ անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել: Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանար, որովհետև ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ: Ռուսաստանն իր կողմից փորձում է ընդլայնել ազդեցության իր օղակը, փորձում է վերահսկողություն հաստատել, վերականգնել Խորհրդային Միությունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան:

Այսպիսով՝ մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլևս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին:

Մենք նաև ցանկանում ենք քննարկել Ռուսաստանի էներգակիրներից Հայաստանի կախվածության հարցը, ինչպես նաև հնացած ատոմակայանի հարցը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ուղիներ գտնել և ժողովրդավարություն կառուցել, ինչպես նաև կառուցել մեր հարաբերությունները:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Հայաստանի հիմնական առավելությունն է: Անցած ժամանակահատվածում դեսպանը քրտնաջան աշխատանք է կատարել: Նա անչափ հմայիչ է և մեզ հետ միասին հարաբերությունների ամրապնդման ուղիներ է հայթայթում: Դա ձեռնտու է Հայաստանին օգնության ստացման տեսակետից, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների ստացման հեռանկարի տեսանկյունից: Բազմաթիվ հնարավորություններ կան նաև տեխնոլոգիական ոլորտում, որոնք մենք կցանկանայինք զարգացնել: Բազմաթիվ միջոցներ կան օգնելու Սփյուռքի հայերին Հայաստան այցելելու և ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Մեկ օր չի անցնում առանց նրա, որ չհանդիպեմ հայի, ով հսկայական հաջողությունների է հասել Միացյալ Նահանգներում և ով ցանկանում է միջոց գտնել հայրենի Հայաստանի հետ կապը վերահաստատելու համար, այնպես որ մենք նաև այդ ուղղությամբ ենք ցանկանում քայլեր կատարել»,- մեջբերեց օրաթերթը:

Լուսանկարը՝ YouTube-ից

12:42 18.09.2017