ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահը մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը
15:11 18.09.2017

Նախագահը մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով.

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով կրկին ողջունում եմ ձեզ: Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար: Այն է՝ Համահայկական խորհրդի ստեղծումը և այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան-սփյուռք գործակցության ապագան:

Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարևոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում: Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը և այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ է ամեն մի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար: 

Սա հատկապես կարևոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հայերի պարագայում դրա պատճառը եղել են մեր դեմ իրականացված ցեղասպանությունը և բռնաճնշումները: 

Սփյուռքում ծնվելը, ապրելը և գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը: Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք:

Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության և արդյունավետ համագործակցության կազմակերպման ձևի հարցը մշտապես եղել է օրակարգում: Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության և ազգային-պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով: 

Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում և սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարևոր հարցերից մեկը: Սակայն նաև պարզ է, որ աշխարհում տիրող սուր գաղափարական բաժանումը բացարձակապես չէր կարող նպաստել այդ տեսլականի իրագործմանը: 

Այսօր՝ Հայաստանի անկախության պայմաններում, մենք արդեն ունենք կայացած պետականություն՝ ավելի բարենպաստ վիճակում ենք այս և նման խնդիրներին անդրադառնալու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Համահայկական միասնության և կազմակերպական ձևի հարցի քննարկման, դրա լուծումների փնտրտուքի շատ հարուստ և բազմաբնույթ փորձ ենք կուտակել, որին, կարծում եմ, այստեղ անդրադառնալու կարիքը չկա: Սակայն անցած ճանապարհից, անշուշտ, կարելի է կատարել մի շարք եզրակացություններ:

Առաջին եզրակացությունը, իմ կարծիքով, այն է, որ յուրաքանչյուր ժողովրդի ամենակարևոր և ամենակենսունակ ինքնակազմակերպման ձևը ժամանակակից ազգային պետությունն է: Հայաստանն այսօր այդպիսին է՝ դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիվս այլ կարևոր գործառույթների՝ այսօր հավուր պատշաճի պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգային-պետական շահերը և անվտանգությունը»:

Շարունակությունը՝ այստեղ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչություն

15:11 18.09.2017

Ամենաշատ ընթերցվածները