ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«ՀՀ-ն մինչև 2040թ. պետք է ունենա առնվազն 4 մլն բնակիչ». ՀՀ Նախագահ
16:35 18.09.2017

«ՀՀ-ն մինչև 2040թ. պետք է ունենա առնվազն 4 մլն բնակիչ». ՀՀ Նախագահ

Ժողովրդագրական միտումները Հայաստանում խիստ մտահոգիչ են և հետևանք են 25-ամյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողով»-ի բացմանը՝ հավելելով, որ Հայաստանը մինչև 2040թ. պետք է ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ:

Նա ասել է, որ առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։

«Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։ Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հավելել է, որ սփյուռքի տարբեր համայնքներում, պայմանավորված գլոբալացվող աշխարհի միտումներով, հատկապես երիտասարդության շրջանում ստվարանում են իրենց բազմաէթնիկ բնորոշող անհատների շարքերը: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այս միտումներին և նոր ծրագրեր մշակել հայ երիտասարդության մշակութային և մասնագիտական զարգացումն ապահովելու, նրանց ինքնությունը հարստացնելու համար:

Նախագահը նշել է, որ պապերից ժառանգած միասնականության պատգամը երբեք չի նշանակել միակարծություն կամ մեծամասնության կարծիքը անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտություն: «Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար»,- ասել է նա:

Նախագահն ասել է, որ անցումը լիարժեք խորհրդարանական կառավարմանը նոր հնարավորություններ է ստեղծում սփյուռքի համար երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու առումով:

Լուսանկարը՝ President.am-ի

16:35 18.09.2017