ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գերմանական ընկերությունները Թուրքիայում բողոքի մասշտաբային ակցիա են պատրաստում
15:35 19.09.2017

Գերմանական ընկերությունները Թուրքիայում բողոքի մասշտաբային ակցիա են պատրաստում

Գերմանական խոշորագույն Axel Springer մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Միջոցառումը բողոք է գերմանական Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ, գրում է ermenihaber.am-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: 

Axel Springer-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոփֆները նամակներ է ուղարկել գերմանական DAX ինդեքսը կազմող 30 ընկերությունների նախագահներին թուրքական մեդիայում անցկացվելիք արշավին աջակցելու խնդրանքով:

Դյոփֆները մտադիր է իր կոչին կից հրապարակել գերմանական առաջատար արդյունաբերողների, բանկերի ու ապահովագրական ընկերությունների անուններն ու նախագահների ստորագրությունները:

Axel Springer-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ իրենց նպատակը կալանավորված Դենիզ Յուջելի և մյուս գերմանացիների ազատ արձակումն է: Նա հավելել է, որ Յուջելը Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներից ամենահայտնին է, սակայն ակցիան միայն նրա պաշտպանության համար չէ. նպատակ կա ուշադրություն հրավիրել ընդհանրապես տիրող անբարենպաստ դրության վրա:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ բողոքի ակցիայի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության պատրաստակամություն հայտնի Դյոփֆներից նամակ ստացած ընկերությունների կեսից ավելին:

Axel Springer-ի ակցիայի հիմնական ուղերձը հետևյալն է.«Թուրքիայի համար, որի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հիմնարար նշանակություն ունի իրավական պետության սկզբունքների, հիմնարար իրավունքների և մամուլի ազատության պահպանումը: Եթե այս ժողովրդավարական հիմքը թերի լինի, տնտեսությունը վնաս կկրի»:

Հավելենք, որ Գերմանիայի Արտգործնախարարության տվյալների համաձայն՝ այժմ Թուրքիայում կալանավորված է Գերմանիայի 54 քաղաքացի, որոնցից 11-ը՝ քաղաքական պատճառներով:

Լուսանկարը՝ News38.de-ի

15:35 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները